«Փաշինյանի թեզը հետևյալն է՝ ինձ խաբել են, իմ գրպանն են գցել, ես հարիֆ եմ». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը վերջին երեք տարիների ընթացքում այնքան հայտարարություններ է արել, եթե բոլոր հակասությունները կողք կողքի դրվեն, պետք է մի ամբողջ նախաքննություն իրականացվի։

«Հակասությունների մեխն ունի մեկ նպատակ՝ ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, գործ չունեմ, ինձ խաբել են, իմ գրպանն են գցել, ես հարիֆ եմ։ Եվ հենց այս թեզով այսօր ամբողջական զեկույց է ներկայացրել։ Ինչ վերաբերում է Շուշիին, պետք է բոլոր գործուն դեմքերն իրար հետ խոսեն, հասկանան, թե ինչ է կատարվել։ Շուշին մի դրվագն է։ Իրականում, քանի որ Շուշին բոլորի համար անհատական ցավ է, Փաշինյանը փորձում է կենտրոնանալ Շուշիի վրա։ Շուշին սկիզբ է առել սեպտեմբերի 27-ից։ Նիկոլն իր այսօրվա ելույթում պատերազմի հանգամանքների մասին գրեթե ոչինչ չխոսեց, խոսում էր, թե որ օրը, որ զինադադարն էր ու իր առաջ ինչ նոր պահանջ էին դնում։ Պատերազմը բանակը չէ, որ միայն տանում է, պատերազմը համալիր է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։

Գեղամ Մանուկյանը նաև ասաց՝ երբ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն էր եկել քննիչ հանձնաժողով, ինքը դիմել էր, որպեսզի ծանոթանար նրա հայտարարություններին, սակայն հանձնաժողովից չէին տրամադրել, պատճառաբանելով՝ քանի որ ընդդիմությունը նիստերը բոյկոտում է, հետևաբար՝ չեն կարող տրամադրել։

«Մենք դրա համար էինք ասել, եթե Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է խոսելու քննիչ հանձնաժողովում, ուրեմն՝ բոլորը պետք է այդպես խոսեն։ Ավելին՝ այդ ամբողջ պատերազմի մասին անհնար է նստել ու խոսել ուղիղ եթերում»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս