«Հիմա բոլորի համար պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի ախորժակն անսահման է». Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Ադրբեջանի վերջին գործողություններն ապացուցում են, որ եթե ուզում ես խաղաղություն, պետք է կարողանաս պաշտպանել այդ խաղաղությունը։

«Մենք ունենք հարևաններ, որոնք, բնականաբար, արդեն երկար տարիներ միայն ուժի և ուժի սպառնալիքի լեզվով են հարցերը լուծում։ Վերջին իրադարձություններն էլ երբ մենք նկատի ենք ունենում՝  44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանն ու Թուրքիան ակնհայտ տանում են այն գիծը, որ բոլոր կարգի հարցերում այլևս աշխարհակարգի  փոփոխություն է տեղի ունեցել մեր աչքի առաջ, դժբախտաբար, դա իրականություն է, և կարելի է հարցերը լուծել պատերազմով, ուժի պարտադրանքով, սա ենք մենք նկատում։

Նախկիններում դա միշտ լինում էր՝ ցույց տալու համար, որ եթե մենք գնում ենք բանակցելու, ապա այդ բանակցությունները պետք է զուգորդվեին ուժի ցուցադրումով, հիմա այդ ուժը ցուցադրել են։ Մյուս կողմից էլ՝ տեսնելով, որ այդ ուժի դեմ ուղղակի անպաշտպան իրավիճակ է, դրանից ավելի է լկտիացել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը։

Ըստ նրա, ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը, բնականաբար, իր ծրագիրն ունի՝ Թուրքիայի հետ միասին, թեև հայկական կողմն ուզում է մշտապես դա անտեսի, սակայն նրանք համառորեն պնդում են, որ խնդիր ունեն վերջնականապես Հայաստանից ստանալու այն ամենը, ինչն իրենց երազանքն է եղել։

Կարդացեք նաև

«Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք ցույց չենք տվել, որ կարող ենք մեզ պաշտպանել։

Այս իշխանություններն անում են ամեն ինչ՝ մեզ թուլացնելու և հանգելու այն եզրակացության, բոլորի մոտ այդ տպավորությունը ստեղծելու, որ մենք անզոր ենք, անճար ենք, պետք է գնանք ու ընդունենք բոլոր պահանջները, որ թշնամին մեր առջև դնում է։ Մեր մոտեցումը ճիշտ հակառակն է, մենք ասում ենք՝ ոչ, հայ ժողովուրդն անզոր չէ, կա այլընտրանք, մենք կարող ենք ինքներս մեզ պաշտպանել, ինչպես դարեր շարունակ։ Մենք հո նո՞ր չհայտնվեցինք այս տարածաշրջանում, այս վիճակում։ Պարզապես պետք է երեք ուղղությամբ աշխատենք՝ վերականգնել եռամիասնությունը, որովհետև մեր հավաքական ուժն է, մեր ուժի աղբյուրը, որն այսօր ամբողջովին ջարդված վիճակում է։ Հայաստան-Արցախ-սփյուռք խզումների մեջ են, մեծագույն խզումներ են առաջացել, և այդ եռամիասնությունն այսօր քայքայվել է այս իշխանությունների օրոք։

Երկրորդը՝ պետք է մեծացվի մեր պաշտպանունակությունը, պետք է ոչ միայն բանակն ուժեղացնենք, այլև հասկանանք, որ եթե ինքներս մեզ չենք պաշտպանում՝ որպես ժողովուրդ, ապա այս ամենը կշարունակվի։

Նաև պետք է ձևավորենք աշխարհազոր և բանակի հետ զուգահեռ՝ պաշտպանենք մեր սահմանները։

Երրորդը՝ պետք է փոխենք մեր դիվանագիտությունը, այսօր մեր դիվանագիտությունը ո՞րն է, ասում են՝ մենք կզիջենք, բայց չգիտենք, թե ինչքան կարող ենք զիջել։ Հիմա բոլորի համար պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի ախորժակն անսահման է»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։

Տեսանյութեր

Լրահոս