Բաժիններ՝

«Ի՞նչ գաղտնիք է կոդավորել Խ․ Աբովյանն իր պոեմում»․ երիտասարդ գիտնականի բացահայտումը

«Շատերն ասում էին՝ քեզ պե՞տք էր գիտնական դառնաս, գիտնականները սոված են, գիտնականները փող չունեն ու մեկ էլ՝ գժվելու ես․․․ բայց ես այսօր արդեն գիտնական եմ»,- «ԳԻՏՆԱԿԱՆԸ» հաղորդաշարի ընթացքում ասում է երիտասարդ գիտաշխատող Աստղիկ Սողոյանը՝ շարունակելով,- «Պիտի լավը լինես․ ոչ թե ուղղակի սովորես, պաշտպանես նրա համար, որ այդ «птичка» աստվածը ստանաս, այլ նվիրվես գիտությանը, ինչ-որ պահի ամեն ինչ մի կողմ դնես, սովորես ու նվիրվես, իսկ հետո քաղես այդ նվիրումի պտուղները»։

28-ամյա Աստղիկ Սողոյանը գրականագետ է, գիտաշխատող և դասախոս։ Երիտասարդ գիտնականը հեղինակ և համահեղինակ է 21 գիտական հոդվածի, որոնցից մեկը՝ միջազգային հղվող ամսագրում։ Նա նաև հեղինակ է 2 մենագրության, որոնք հայ գրականության մասին ուշագրավ բացահայտումներ են պարունակում։ Աստղիկն աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, ինչպես նաև դասախոսում է ԵՊՀ-ում։

Աստղիկը վերհիշում է, որ գիտական կոչումը պաշտպանել է 26 տարեկանում և այդ ժամանակ Հայաստանի ամենաերիտասարդ գիտնականն է եղել։

«Գիտությունն ինքնին նվիրում է, սա ոչ միայն ՀՀ-ում, այլ՝ ամբողջ աշխարհում։ Գիտնական լինելով պետք է հասկանաս, որ դու քեզ նվիրելու ես այդ մասնագիտությանը, միայն ստանալուն չպետք է նայես, պետք է նաև տալուն նայես, դու տալու ես․․․ ստանալու էլ ես, հատկապես այսօր գիտնականի վիճակն այն շատ ծանր վիճակից ավելի լավ, բարվոք է։

Այսօր գիտնականն այդ աղքատ մարդը չէ, ու ես շատ եմ ուզում մենք կոտրենք այդ կարծրատիպը։ Չէ՛, այսօր գիտնականը ոչ միայն նվիրում է, այլև՝ լավ մասնագիտություն ապրելու համար»,- մանրամասնում է երիտասարդ գիտնականը։

«ԳԻՏՆԱԿԱՆԸ» հաղորդաշարի 2-րդ մասում Աստղիկ Սողոյանը խոսել է Խաչատուր Աբովյանի շուրջ կատարած իր հսկայական ուսումնասիրության, Աբովյանի «Աղասու խաղը» ստեղծագործության մեջ կոդավորված հաղորդագրություն հայտնաբերելու, Հարրի Փոթերի մասին պատմությունների և Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի կապի, ինչպես նաև այլ հետաքրքիր դրվագների մասին։

«Խորհուրդս է նրանց, ովքեր զգում են այդ ձգտումը, անպայման շարունակել ու ոչ թե ուղղակի ստանալ այդ բ․գ․թ․-ն կամ տ․գ․թ․-ն, այլ ստանալուց բացի կատարել այդ գործը ու հաճույք ստանալ, իսկ գիտնականը կարողանում է իր գործից հաճույք ստանալ, հավատացե՛ք»,- եզրափակել է Աստղիկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս