Որևէ մեկի մտքով թող չանցնի մեզ դասեր տալ. ձեր ամբիցիաների դոզան իջեցրեք. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը 2018 թվականի իշխանափոխությունը համարում է ընդդեմ Արցախի շարժում, ուստի պատահական չի համարում 2018 թվականից հետո այն մարդկանց ակտիվացումը, որոնք ոգեշնչված են Արցախից ազատվելու գաղափարով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իր տեսակետը փոխանցեց Բաբայանը՝ կարևոր համարելով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացում ժամանակին այդ իշխանությանը չսատարածների հետ համախմբումն ու միասնությունը։

«2018 թվականին Փաշինյանին սատարած քաղաքական գործիչների հետ որևէ տեսակի միասնությունը բացառել, որովհետև, եթե իրեն քաղաքական գործիչ համարողը սխալվել է նման կարևորագույն հարցում, ուստի հիմա պետք է սատարեն այն մարդկանց, որոնք 2018 թվականին չեն սխալվել և չեն աջակցել Փաշինյանին»,- ասաց Վահան Բաբայանը։

Քաղաքական գործիչը խնդրահարույց է համարում վերջին շրջանում ընդդեմ Փաշինյանի իշխանության ձևավորած որոշ հարթակները, քանի որ, ըստ նրա՝ այդ հարթակները ձևավորում են մարդիկ, որոնք ժամանակին մերժել են Սերժ Սարգսյանի իշխանությունը և աջակցել Փաշինյանին։

Կարդացեք նաև

«Որևէ մեկի մտքով թող չանցնի հիմա դասեր տալ մեզ, կամ լիդերություն անել, որովհետև եթե դուք սխալվել եք, ես պարտավոր չեմ գալ ձեզ հետ համախմբվել։ Խնդիրը քաղաքական պատասխանատվությունն է. եթե դեմ են այդ հարթակները ձևավորողներն այս իշխանությանը, ուրեմն հիմա պետք է քաղաքական գնահատական տալ 2018 թվականի իրադարձություններին, իսկ այդպիսի գնահատական չեն տալիս, որովհետև այս իշխանությանը սատարել են ժամանակին, ուստի հիմա նրանք պետք է լռեն»,- ասաց Բաբայանը՝ ընդգծելով, որ եկել է ժամանակը նաև ընդդիմության վերաբերյալ հստակ ընդգծելու, թե ընդդիմադիրներից ով ով է։

«Եկել է ժամանակը հստակ խոսելու, թե ով ով է։ Հիմա հաթաթաների և մուննաթների ժամանակ է, բայց թող ոչ ոք մեզ չասի՝ միացեք մեզ։ Երբ մենք ինչ-որ բան էինք անում, դուք ո՞ւր էիք»,- ասաց Բաբայանը՝ այդ ուժերին կոչ անելով իջեցնել իրենց ամբիցիաների չափաբաժինը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս