Արամ Նիկոլյանը սեփական դիմումի համաձայն է հեռացել. Դեմքիս արտահայտությունից երևում է, որ Մոսկվայից զանգեր չենք ստանում. Հանրային հեռուստաընկերության տնօրեն

Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին, թե ինչու ընդդիմադիրների ճեպազրույցները չեն հրապարակում, հարցը վերաձևակերպելով՝  Հանրայինի ղեկավարը պատասխանեց, թե  շատ հաճախ խնդիր են ունենում հարցազրույցի ֆորմատով խորհրդարանական ընդդիմությունից հյուր հրավիրելու առումով։

«Ես ձեզ օրինակ բերեցի, որ պատրաստ ենք խորհրդարանական ընդդիմությանն անընդհատ հրավիրել եթեր։ Եթե մենք նման խնդիր ունենք, ինչպես ձեր պնդման մեջ է, ճեպազրույցները կամ հարցազրույցները հրապարակելու հետ կապված, ապա ինչո՞ւ մենք խնդիր ունենք ընդդիմադիր հյուրեր ունենալ հարցազրուցային ֆորմատում, ինչո՞ւ։ Եթե մենք ունենք գրաքննություն և չենք հրապարակում այստեղ կամ իմ կողքին կանգնած ընդդիմության ներկայացուցչի հարցազրույցը, ապա մենք պետք է խնդիր ունենայինք նրանց Հանրայինի եթեր հրավիրելու համար, նման խնդիր դուք տեսնո՞ւմ եք մեր եթերում»,- փորձեց հարցին պատասխանել Մովսիսյանը։

Լրագրողը, թեման շարունակելով, մեկ այլ օրինակ հիշեցրեց, որը նրա բնորոշմամբ գրաքննության օրինակ է՝ «Չքաղաքականացնել» հաղորման ժամանակ, երբ վարողը նկարահանել է նախկին ՔՊ-ական Արսեն Ջուլֆալակյանին, որն այս պահին իշխանությունների համար անցանկալի անձ է, հաղորդավարին Հանրայինից պատժել են՝ թույլ չտալով այլևս վարել նշված հաղորդումը, Հ. Մովսիսյանն ասաց, որ դա գրաքննություն չէ, եթե գրաքննություն լիներ, ապա տվյալ անձը՝ Արսեն Ջուլֆալակյանը, չէր հայտնվի Հանրայինի եթերում։

Ճշտող հարցին, եթե չկա գրաքննություն, ապա ինչո՞ւ է հաղորդավարը պատժվել, Հովհաննես Մովսիսյանը հարցին հարցով պատասխանեց՝ ո՞վ է ասում, որ նա պատժվել է։

Կարդացեք նաև

Իսկ թե ինչո՞ւ է տվյալ հաղորդման հաղորդավարը փոխվել, Հանրայինի տնօրենը պատասխանեց՝ պետք է գրավոր հարցում ուղարկեն, որպեսզի հասկանան ու պատասխանեն։

Հաջորդ հարցին՝ Մոսկվայից վերահսկողական զանգեր լինո՞ւմ են, քանի որ քաղաքագետներից մեկը հայտարարել է, որ երբ Հանրայինի եթերում քննադատել է ՌԴ նախագահին, Մոսկվայից զանգահարել են և այդ հատվածը հանել են, Հովհաննես Մովսիսյանը նախ ասաց, թե անանուն քննադատությանը չի կարող պատասխանել, ապա շարունակեց.

«Կարծում եմ՝ իմ դեմքից արդեն պարզ է, որ նման բանն ուղղակի աբսուրդ է, կարծում եմ՝ Հանրայինի եթերը հենց դրա մասին խոսում է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Կառավարությունից ևս զանգեր չեն լինում։

Թե ինչու են այդքան ակտիվ լուսաբանում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ոչ պաշտոնական քարոզարշավը, Հանրայինի տնօրենը պատասխանեց, որ Հանրայինին հրավիրում են մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու, իրենք էլ լուսաբանում են։

Ինչ վերաբերում է  հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանի հայտարարությանը, որ թույլ չեն տալիս մտնել Հանրայինի շենք, Հովհաննես Մովսիսյանն ասաց, որ դրա վերաբերյալ եղել է հայտարարություն։

«Արամ Նիկոլյանն ինչ-որ ժամանակ առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել է  աշխատանքից»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս