Հաստաբուն բարդիները հատվել են. թեժ գծից եկած զանգը Աստվածաշունչ պիտի լինի. Ավինյան

Մայիսի 28-ին  Սայաթ-Նովա պողոտայում երկու անձ ապօրինի հատել են 3 հսկայական բարդի՝ մեծ վնաս հասցնելով Երևանի կանաչ ֆոնդին։ Տեղեկությունը հայտնել էր Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

«Ունենք ծառերի հատման դեպք՝ Կենտրոն վարչական շրջանում, և ես գիտեմ, որ մեր թեժ գծին զանգ է եղել»,- Քաղաքապետարանում  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նրան զեկուցեցին, որ տեխնիկական խնդիր է եղել, և թեժ գծից չեն կարողացել տարածքի տեսուչի հետ կապ հաստատել, ինչը կուղղվի։

«Ստացվում է՝ տեխնիկական խնդրի պատճառով հաստաբուն բարդիները հատվել են։ Պետք է խնդրեմ ծառայողական քննություն սկսել՝ հասկանալու, թե ո՞ւմ պատճառով է եղել տեխնիկական խնդիրը։ Վստահ եմ, որ հենց այնպես ծառերը չեն հատվել: Մեկի մտքով անցել է, որ հողի այդ հատվածը կարողանալու է զավթել:

Կարդացեք նաև

Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ այս մեթոդով կարող են հողազավթում անել:  Թեժ գիծ զանգ է եղել, որին պետք է միանգամից արձագանքել։ Չենք կարող սպասել, որ այդ ծառերը հատվեն, նոր գնանք արձանագրենք, որից հետո ասենք՝ դե ժողովուրդ ջան, 2 կամ 5 միլիոն փոխհատուցում կլինի: Ոչ, այդպես չէ»,- նշեց Ավինյանը։

Ապա խոսքն ուղղելով Հողի վերահսկողության, հասարակական կարգի պահպանման և վերահսկողություն իրականացնող այլ վարչություններին՝ Տիգրան Ավինյանը ընդգծեց. «Թեժ գծից եկած զանգերը Աստվածաշունչ պիտի լինի: Դրանից կարևոր ոչ մի բան չկա: Եթե ես նույնիսկ մի բան եմ ասում, թեժ գծից եկած զանգն ավելի կարևոր է»:

Տեսանյութեր

Լրահոս