Բռնցքամարտիկները Ծաղկաձորում պատրաստվում են Եվրոպական խաղերին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Ծաղկաձորում սկսել է նախապատրաստվել Եվրոպական խաղերին:
Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
«Ծաղկաձորյան այս հավաքի ընթացքում շեշտը դնում ենք ընդհանուր ֆիզիկական պատրաստության վրա: Հավաքը կձգվի 12 օր, այնուհետև կվերադառնանք Երևան, որտեղ էլ կշարունակենք նախապատրաստվել Եվրոպական խաղերին»,-ասաց մասնագետը:
Աղամալյանի խոսքով` Եվրոպական խաղերին մասնակցությունը բարդ փուլ է մարզիկների համար, քանի որ օրեր առաջ է ավարտվել աշխարհի առաջնությունը:
Այս հավաքին մասնակցում է 10 բռնցքամարտիկ, Հովհաննես Բաչկովի մասնակցությունը Եվրոպական խաղերին հարցականի տակ է։
Եվրոպական խաղերը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային են: