Վաշինգտոնը ողջունում է հայ-ադրբեջանական բանակցությունները. Պատելն անդրադարձել է Մոսկվայում կայանալիք հանդիպմանը

ԱՄՆ-ն ողջունում է հաղորդումներն այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակելու են քննարկումները՝ ուղղված երկու երկրների միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, որոնք պետք է կայանան Մոսկվայում երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների մակարդակով:

Պատելը ողջունելի է համարել հայ-ադրբեջանական բանակցությունները՝ անկախ նրանից, թե որ հարթակում են դրանք տեղի ունենում:

«Մենք կարծում ենք, որ կողմերի միջև ուղիղ բանակցությունները խիստ կարևոր են, և մենք ուրախ ենք, որ դրանք տեղի են ունենում: Անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում՝ Արլինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում, մեր աջակցությունն այդ ջանքերին շարունակական է», – հայտարարել է Պատելը:

Ինչ վերաբերում է այդ բանակցություններից սպասվող արդյունքներին, դիվանագետը հրաժարվել է ենթադրություններ անել: Նա դարձյալ շեշտել է, որ կողմերի միջև խաղաղությունն, ըստ Վաշինգտոնի, հնարավոր է:

Վեդանտ Պատելին նաև հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն փորձել է կապ հաստատել իր ռուս գործընկերների հետ, ինչպես անցյալ տարի արել էր նրա նախորդ Ֆիլիպ Ռիքերը:

«Նա (խմբ.՝ Լուիս Բոնոն) շարունակում է խորապես ներգրավված լինել այս հարցում», – պատասխանել է Պատելը՝ կրկնելով, որ մայիսի սկզբին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած բանակցությունները բավական կառուցողական էին:

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին: Նախարարները եռակողմ բանակցություններ կանցկացնեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով: Բացի դրանից, կկայանա առանձին հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպում՝ նվիրված խաղաղության պայմանագրի կնքմանը:

Իր հերթին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 25-ին Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ:

Տեսանյութեր

Լրահոս