Ր.Հովհաննիսյան. «Անելու եմ ամեն ինչ, որ «զադնի» չտա ժողովուրդը»
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ չնայած Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ չարժե նման բան անել: «Մինչև մարտի երկուսը կդիմենք Սահմանադարական դատարան եւ թույլ կտանք, որ դատավորները վերջին անգամ Սահմանադրական իրավունք իրացնեն եւ պահպանեն ժողովրդի սահմանադրական իրավունքը»,- ասել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ սա կլինի իրենց վերջին որոշումը:
«ԿԸՀ-ն իր արմատներով կենթարկվի ՀՀ օրենքով խիստ պատասխանատվության: Ես հարգել եմ բոլորին՝ Մուկուչյանից սկսած, բայց բոլորը պատասխան են տալու: Որպես համազգային և համաժողովրդական շարժման մասնիկ, անելու եմ ամեն ինչ, որ «զադնի» չտա ժողովուրդը եւ չհիասթափվի»,- ասել է Ր.Հովհաննիսյանը:
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ Ր.Հովհաննիսյանը շատ կոշտ գնահատականներ է տվել արևմտյան և մյուս երկրներին՝ նկատելով, որ բոլորն էլ հավասարապես հակաժողովրդավարական են: «Թող իրենց ոչ թե երկակի, այլ եռակի ստանդարտները տանեն իրենց երկրներ: Ով ներկայանում է Մինսկի խմբի համանախագահ, ինքը իրեն ինքնաբացարկ է հայտարարում, եթե չի ճանաչում ՀՀ քաղաքացու ընտրական քվեն: Պարոն Սարգսյանին էլ մնում է մեկ բան՝ ինքնաբացարկ տալ»,- ասել է Ր. Հովհաննիսյանը: