Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ գերեվարման դեպքերը ցույց չտա. 33 չեն, առնվազն 80 գերու մասին չեն խոսում

Ռազմական հանցագործություններ, հայատյացության պետական քաղաքականություն, հայկական Սփյուռքը թիրախավորելու նարատիվներ. այս և այլ թեմաներ են ներկայացվել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի և Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հրապարակած հերթական համատեղ զեկույցում:

Զեկույցում մասնավորապես տեղ է գտել 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման մանրամասն վերլուծությունը՝ նոր ապացույցներով, ինչպես նաև՝ Ադրբեջանի հակահայ քաղաքականության հին ու նոր դրսևորումները:

168.am-ն իրավապաշտպաններից հետաքրքրվեց, թե ինչու են հայկական իշխանական շրջանակները պարբերաբար հանրայնացնում և այդպիսով լեգիտիմացնում հայ ռազմագերիների այն թիվը, որը հաստատում է ադրբեջանական կողմը, այն է՝ 33, եթե հայկական կողմը պնդում է, որ այդ թիվն ավել է 80-ով:

Ի պատասխան՝ Սիրանուշ Սահակյանը նկատեց. «Հայաստանում գործող իրավապաշտպանները, ՀՀ քննչական մարմինները, նույնիսկ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները արձանագրել և բացահայտել են գերեվարման ավելի մեծաքանակ դեպքեր, քան պաշտոնականացվել է Ադրբեջանի կողմից, ուստի որպես աղբյուր պետք է օգտագործվեին հենց հայկական աղբյուրները և ոչ թե՝ ադրբեջանական:

Կարդացեք նաև

Մենք խոսել ենք և շարունակում ենք խոսել հավելյալ 80 դեպքերի մասին, որոնց մասին տեղեկություններ ենք տվել նաև միջազգային կառույցներին. յուրաքանչյուր դեպքի մասին կա նկարագրություն»:

Արման Թաթոյանն էլ հիշեցրեց, որ Ադրբեջանի նպատակն է գերիների թվի նվազեցումը, քանի որ դա նվազեցնում է պատասխանատվությունը յուրաքանչյուրի համար:

Անդրադառնալով մեր մեկ այլ դիտարկմանը, թե այսօր հայկական Սփյուռքի թիրախավորումը տեղի է ունենում նաև ՀՀ իշխանությունների կողմից, և, որ կան սփյուռքահայ գործիչներ, որոնք ազգային օրակարգերն են առաջ մղել, սակայն այսօր անցանկալի անձ են ճանաչվել ՀՀ-ում, Արման Թաթոյանն արձագանքեց՝ Սփյուռքի մեր համայնքները, ինստիտուտները մեծագույն նշանակություն ունեն աշխարհում մեր օրակարգերն առաջ մղելու գործում:

«Ադրբեջանական իշխանությունների գերթիրախներից մեկն է՝ կտրել սփյուռքը ՀՀ-ից և Արցախից: Վերջերս նորից նկատեցինք այս գծի ակտիվացում: Թուլացնելը Ադրբեջանի և Թուրքիայի նպատակների մեջ է մտնում»,- հավելեց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս