Բաժիններ՝

Ներկայացուցիչների պալատի խոսնակը ԱՄՆ պարտքի վերին շեմը 1,5 տրիլիոն դոլարով բարձրացնելու ծրագիր է ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին ապրիլի 19-ին ներկայացրել է միջոցառումների փաթեթ, որով նախատեսվում է պետական ​​պարտքի վերին շեմի բարձրացում 1,5 տրիլիոն դոլարով՝ զուգորդված բյուջետային ծախսերի կրճատմամբ:

Ակնկալվում է, որ նախաձեռնությունը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում հաջորդ շաբաթ։ Փորձագետները համոզված են, որ դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսի Սենատը հավանություն չի տա այդ առաջարկին: ԱՄՆ-ի ղեկավարը և մյուս դեմոկրատները բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն հանրապետականների հետ քննարկել երկրի պարտքի սահմանաչափի բարձրացման պայմանները։ Դեմոկրատներն ընդգծում են այս որոշման հաստատման անհրաժեշտությունը՝ առանց ծախսերի կրճատման։

ԱՄՆ վարչակազմը վերջին ժամանակներս Կոնգրեսին կոչ է անում բարձրացնել պետական պարտքի վերին շեմը, որն օրենսդրորեն սահմանված է 31,4 տրիլիոն դոլարի մակարդակում: Ներկայացուցիչների պալատը վերահսկող Հանրապետական ​​կուսակցությունը ավանդաբար թերահավատորեն է վերաբերվում պարտքի սահմանաչափի բարձրացմանը և հանդես է գալիս պետական ​​ծախսերի կրճատման օգտին:

Փոխառությունների սահմանաչափին հասնելու պատճառով հունվարի 19-ից ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դեֆոլտից խուսափելու համար սկսել է արտակարգ միջոցներ ձեռնարկել։ Խոսքը բյուջետային ծախսերի որոշակի կատեգորիաներից հրաժարվելու մասին է, որոնք կարող են հետաձգվել ավելի ուշ ժամկետի։ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Կոնգրեսին կոչ է արել առանց հապաղման գործել պետական պարտքի վերին շեմի բարձրացման կամ դրա գործողության դադարեցման շուրջ համաձայնության հարցում: Նրա խոսքով՝ կանխիկ միջոցները և արտակարգ միջոցառումները կբավականացնեն մոտավորապես «մինչև հունիսի սկիզբը»։

Վերին շեմը, որն առաջին անգամ Կոնգրեսի կողմից գործի է դրվել 1917 թվականին, երկրի պարտքի որոշակի մակարդակից կամ որոշակի ժամկետից հետո ֆինանսների նախարարությանը թույլ չի տալիս թողարկել նոր պետական ​​պարտատոմսեր կառավարության ​​գործունեության ֆինանսավորման համար: Սահմանաչափը գերազանցելը նշանակում է, որ սպառնալիքի տակ են հայտնվում բազմաթիվ սովորական բյուջետային վճարումներ իրականացնելու, այդ թվում՝ զանազան սոցիալական ծախսեր վճարելու՝ դաշնային կառավարության հնարավորությունները: Դեռ ավելին, կարող են լրջորեն խախտվել արդեն իսկ ստանձնած պարտավորությունների դիմաց պարտքերն ու տոկոսները վճարելու` պետության հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս