Դա շատ ցավոտ ու բարդ պրոցես է, փորձում եմ անել. Նիկոլ Փաշինյան
Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի երեկվա տեսաելույթին, որով ըստ էության նա պատասխանում էր Փաշինյանի նախորդ օրը ԱԺ-ում հնչեցրած հայտարարությանը, մասնավորապես՝ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հստակ պարզաբանումներով, ասաց.
«Վերնագիրն ուրիշ բան է, բովանդակությունը…, իսկ իմ ասած բովանդակությունը որևէ փաստարկով հերքե՞ց։ Ես ասում եմ փաստարկների դաշտում և ես դա շատ հստակ սխեմայով ներկայացրել եմ, փոխարենն ունենք վերնագրեր ու կարգախոսներ»։
Փաշինյանն անդրադառնալով 44 օրյա պատերազմից առաջ և հետո իր հետ հանդիպելու Վարդան Օսկանյանի առաջարկներին և նախկին արտգործնախարարի մատնանշած Մադրիդյան սկզբունքների երրորդ տարբերակին, ասաց.
«Օսկանյանն ինձ հետ հանդիպել է 44-օրյա պատերազմից հետո։ Թող իրենք հրապարակեն իրենց տարբերակները, ես իրենց խոսնակը չեմ։ Ասում են, մենք 2018 թվականին ուզում էինք առաջարկել, ինչ ուզում էին այն ժամանակ առաջարկեին, թող հիմա հրապարակեն, ես էլ դրան կարձագանքեմ: Իրենց առաջարկներն ամբողջությամբ արտահայտված է իրենց թողած բանակցային ժառանգության մեջ, հո առաջարկելո՞վ չէ։ Ես հասկանում եմ, բայց իմ ակնկալիքն ինչ է, որ՝ եկեք անդրադառնանք ֆունդամենտալ պրոբլեմներին, բանակցություններում մեկ բան է եղել, մենք եկել տեսախցիկների առաջ ուրիշ բան ենք խոսել։ Եվ հիմա ես ինչ եմ փորձում անել, 2018 թվականից ինչ եմ փորձել անել , փորձել եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում և հրապարակային ժողովրդի հետ խոսակցությունը լինի նույնը։ Դա եմ փորձում անել, և դա շատ ցավոտ ու բարդ պրոցես է»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։