Օսկարն ու հայերը. Վիլյամ Սարոյանից մինչև Սթիվեն Զայիլյան (լուսանկարներ)
Փետրվարի 24-ին Լոս-Անջելեսում կկայանա կինոաշխարհի կարևորագույն իրադարձությունը՝ Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այն տեղի է ունենում 85-րդ անգամ, և Օսկարի մրցանակակակիրները և նույնիսկ հավակնորդները համարվում են համաշխարհային կինոյի հաջողված գործիչներ:
Թեև Հայաստան երկիրը երբեք Օսկարի հավակնորդ ներկայացուցիչ չի ունեցել, այնուամենայնիվ, հայազգի գործիչները պարբերաբար հայտնվել են Ամերիկյան կինոակադեմիայի ցուցակներում:
Առաջին հայ օսկարակիրը Վիլյամ Սարոյանն է, ով այդ մրցանակին արժանացել է 1944թ.՝ «Մարդկային կատակերգությունը» ֆիլմի սցենարի համար:
Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի եռակի հավակնորդ է եղել իրանահայ հագուստի մոդելավորող Ռեյ Աղայանը: Նա ֆիլմի հագուստների ձևավորման համար Օսկարի է ներկայացվել 1970թ., 1973թ. և 1976թ., սակայն ոչ մի անգամ մրցանակի չի արժանացել:
Պրոդյուսեր, սցենարիստ և դոկումենտալիստ ռեժիսոր Արա Չեքմայանը 1984թ. ներկայացվել է Օսկարի՝ «Խավարի զավակներ» վավերագրական ժապավենի համար, սակայն մրցանակը նրան բաժին չի հասել:
Ամերիկյան կինոակադեմիայի թերևս ամենասիրելի հայազգի ներկայացուցիչը սցենարիստ Սթիվեն Զայիլյանն է: Ֆրեզնոյում ծնված, ռադիոյի թղթակից Ջեյմս Զայիլյանի որդին Օսկարի է արժանացել 1994թ.՝ Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար: Բայց Օսկարի հավակնորդների ցուցակում ընդգրկվել է նաև 1991թ., 2003թ. և 2012թ.:
Տեխնիկական հաջողությունների համար Ամերիկյան կինոակադեմիայի տեխնիկական մրցանակների են արժանացել Աշոտ Նալբանդյանը (2001թ.) և Բաբկեն Շահբազյանը (2007թ.):
Կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր Բոբի Գարաբեդյանը (Կարապետյան) 2004թ. Օսկարի է ներկայացվել ԱՄՆ-ի և Չեխիայի համատեղ արտադրության «Կամուրջ» ժապավենի համար:
Համաշխարհային կինոյի տեղեկատվական ամենահեղինակավոր imdb.com կայքի փոխանցմամբ, Սերգեյ Փարաջանովից հետո կինոյում ամենահայտնի հայը Եգիպտոսում ծնված կանադացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ատոմ Էգոյանն է (Եղոյան): Նա երկու Օսկարի է ներկայացվել 1998թ.՝ որպես «Լուսավոր ապագա» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ:
Եվ իհարկե, միակ հայազգի դերասանը, ով երբևէ արժանացել է Օսկարի, աշխարհահռչակ Շերիլին Սարգսյանն է (Շեր): Նա առաջին անգամ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին հավակնել է 1984թ.՝ «Սիլկվուդ» ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար, իսկ 1988թ. լավագույն դերասանուհու տիտղոսին է արժանացել «Լուսնի իշխանությունում» ֆիլմի համար:
Թոմսոն