«Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա», իհարկե, երբեւէ գալու էր էդ օրը․․․ «Մնացյալը լռություն է»
Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ 3-րդ Հանրապետության առաջին պաշտոնաթերթերից «Հայաստանի Հանրապետություն» թերթը փակելու կառավարական որոշմանը։
«Իհարկե, երբեւէ գալու էր էդ օրը։
Ես հիմա պատկերացնում եմ, թե ինչ էր զգում ձեռագիր թերթ գրողն ու տարածողը, երբ Գուտենբերգի գյուտից տարիներ անց, տեսավ, թե էդ ձեռագիր թերթերը ոնց են մեռնում։
Իհարկե, անխուսափելիորեն գալու է նաեւ տպագիր թերթերի վերացման օրը։ Հնարավոր է 10-20-30 կամ 50 տարի հետո։
Անխուսափելիորեն գալու էր նաեւ «Հայաստանի Հանրապետություն» թերթի տպագրության դադարեցման ժամանակը։
Բայց, միեւնույն է, լուրը, որ նաեւ քո ջանքերով ստեղծված թերթը ստեղծումից ընդամենը 33 տարի հետո պիտի այլեւս չտպագրվի, տխրեցնող է։
1990 թվականի սեպտեմբերի 7-ին Գերագույն Խորհուրդն ընդունեց «Հայաստանի Հանրապետություն» թերթ հիմնելու որոշումը եւ Այդին Մորիկյանին նշանակեց գլխավոր խմբագիր։
Հիմա հեշտ եմ գրում, բայց առաջին խմբագրակազմի անդամներս գիտենք, թե ինչ դժվարությամբ էր ստեղծվում թերթը, մանավանդ՝ 1991-95 թվականներին, երբ հոսանքի պարբերական անջատումների պատճառով կարող է մինչեւ լուսաբաց մնայինք տպարանում։
Կամ՝ աննշան ու չնչին աշխատավարձերով ոնց էինք դիմանում, ու նաեւ տանում հարվածները ոչ միայն ընդդիմադիրներից, այլեւ հենց ԱԺ-ից, ու նրա հարյուրչգիտեմքանի պատգամավորներից։
Ու հիմա՝ ստեղծումից 33 տարի հետո, հունիսի 1-ից «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի տպագրությունը դադարեցվելու է։
Էդ օրը գալու էր անխուսափելիորեն։ Բայց էս իշխանության պատճառաբանությունն է ծիծաղելի։ Դե երեւի կռահեցիք՝ փողը, ֆինանսավորումը։
Դե, իհարկե, բա փող ա, չէ՞, պետք․ որ սեփական անվտանգությունն ապահովողներին բարձր աշխատավարձ տան, կամ ամբողջ ընտանիքով պաշտոնական այցի գնան։
Եվ թեպետ արդեն 10-12 տարի կլինի, ինքս «Հայաստանի Հանրապետություն» եւ ընդհանրապես տպագիր մամուլ չեմ կարդում, ամեն դեպքում սրտի խփոց եղավ լուրը կարդալուց։
«Մնացյալը լռություն է»»։