«Մեր վարչական տարածքում չէ, մնացածի վերաբերյալ տեղեկություններ չունեմ». Խնածախի ղեկավարը՝ թշնամու առաջխաղացման մասին

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Այս հայտարարությունից ժամեր անց մամուլը գրեց, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն առաջ են եկել Տեղ վարչական տարածքի դաշտերով և դիրքավորվում են։

168.am հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանն ասել էր, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները Տեղ համայնքում մոտ 70-80 հեկտար առաջ են եկել, նույնիսկ դաշտերում ցանածն արդեն 5 սմ բարձրացել էր։

Երեկվանից Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցից որևէ  հստակ տեղեկություն ստանալու  մեր բոլոր փորձերն արդյունք չտվեցին, չհաջողվեց տեղի ունեցած մասին համայնքի ղեկավարից  որևէ մեկնաբանություն ստանալ։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում Խնածախի գյուղապետ Սեյրան Միրզոյանն ասաց, որ թշնամին կոնկրետ Խնածախի հատվածում մարտի 30-ին առաջ չի եկել։

«Մեր վարչական տարածքում չէ, մնացած վայրերի վերաբերյալ տեղեկություններ չունեմ։ Այս պահին մեզ մոտ ընդհանուր նորմալ է, մյուս տարածքների վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել»,- եզրափակեց Սեյրան Միրզոյանը։

Հիշեցնենք նաև, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել էին նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել էին տվյալ բարձունքին և վերահսկում  էին այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը դեպի ելման դիրքեր։

Տեսանյութեր

Լրահոս