Նման բան չի եղել, և դրա հետ որևէ կապ չեմ ունեցել. Հերմինե Նաղդալյան
«1993 թվականից սկսած՝ երբ այդ սահմանը փակվել է, մինչ օրս՝ բացառությամբ մեկ դեպքի, երբ ինտերնետային կաբել է տարվել, ուրիշ որևէ անգամ այդ սահմանը չի բացվել,- հայ-թուրքական փակ սահմանի բացման դրվագների մասին վերջին օրերին պաշտոնական շրջանակներից հնչող հայտարարություններին 168.am—ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ մանրամասնելով,- Այդ սահմանը գտնվում է պատկան մարմինների ուշադրության ներքո, և ամենափոքր, ամենաաննշան շարժն անգամ արձանագրվում է»:
Հերմինե Նաղդալյանը հորդորեց այս հարցով դիմել նաև Ազգային անվտանգության ծառայությանը՝ նկատելով, որ ծառայությունը կտա պրոֆեսիոնալ պատասխան հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ այդ սահմանում որևէ շարժ կատարվեր:
Անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի՝ իրեն վերաբերող գրառմանը՝ նա շեշտեց. «Որևէ հոսքագիծ ասֆալտի գործարանի համար Թուրքիայից այդ սահմանով չեն ներմուծել երբևիցե, նման բան չի եղել, և դրա հետ որևէ կապ չեմ ունեցել»:
Հիշեցնենք՝ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր. «Քանի որ նախարար Արարատ Միրզոյանը թեման բացել է, ասեմ. Որքանով ինձ հայտնի է, տարիներ առաջ, երբ Հերմինե Նաղդալյանը զբաղեցնում էր ԱԺ փոխնախագահի պաշտոնը, դե ֆակտո իրեն պատկանող ասֆալտի գործարանի համար նոր հոսքագիծ էր պետք։ Այդ հոսքագիծը Վրաստանով բերելը բավականին թանկ կլիներ և Հայաստանի իշխանությունները Թուրքիային, կներեք, խնդրվում են, որ հոսքագիծը գա Մարգարայի անցակետով։ Հիմա հարց. Մենք, որպես պետություն, ի՞նչ ենք տվել Թուրքիային` Հերմինե Նաղդալյանին դե ֆակտո պատկանող ասֆալտի գործարանի հոսքագիծը Մարգարայի անցակետով բերելու դիմաց»:
Իսկ Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ. արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ պնդել էր.
«Հայ-թուրքական սահմանի հետ կապված ուրիշ դեպք կարող եմ ասել։ Իսկապես, այն էլի է բացվել՝ ոչ հանրային շահի բերումով, այլ մի պաշտոնյայի համար, իր մասնավոր ընկերության ծանր տեխնիկայի ներկրման համար։ Որովհետև Վրաստանով տեղափոխելիս ավելի թանկ կլիներ։ Թուրքիայի ներկայացուցիչներին զանգ, միջնորդություն է եղել, նրանք էլ մեծահոգաբար թույլ են տվել, որ նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչն իր տեխնիկան սահմանով անցկացնի։ Չեմ ասի անունը»։