Ի՞նչ մեսիջ ունի գեներալ Փարվանյանի ազատումը

Մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն:

«Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այդ փաստերը կտեսնեք»,- շեշտել է Փաշինյանը:

Այս հայտարարությունից ժամեր անց ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվեց Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը: Հայ-ռուսական միացյալ զորքերի հրամանատար նա նշանակվել էր նախկին իշխանությունների օրոք՝ 2018 թվականի հունվարի 27-ին:

Կարդացեք նաև

Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների՝ ռուսական անվտանգային գոտուց դուրս գալու փորձերը, չի բացառվում կամ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը որոշի, որ այս պաշտոնը՝ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի, պետք է վերացնել, ինչը, ըստ էության, ևս մեկ արկածախնդրություն կլինի՝ հաշվի առնելով նոր պատերազմի մեծ հավանականությունը ՀՀ տարածքում:

Նշենք, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին ՌԴ կառավարությունը որոշում էր ընդունել, որով ՌԴ նախագահին առաջարկվում էր հայկական կողմի հետ կնքել «Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը»։ Ավելի ուշ կողմերն այն ստորագրեցին Մոսկվայում: Համաձայնագրում, մասնավորապես, նշվում է.

Միացյալ խմբավորման կառավարման համար ստեղծվում է Միացյալ հրամանատարություն, որը գլխավորում է Միացյալ խմբավորման հրամանատարը, որին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը` համաձայնեցնելով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ,

– Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինները և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններն (այսուհետև` Լիազորված մարմին) ամեն տարի պլանավորում են զորքերի (ուժերի) օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներ, պատասխանատվություն են կրում պլանների մշակման, ըստ բովանդակության, ներգրավվող զորքերի (ուժերի) կազմի, միջոցառումների անցկացման կարգի և դրանց համաձայնեցման, ինչպես նաև դրանց իրագործման համար,

– Միացյալ հրամանատարությունը կազմավորվում է ագրեսիայի անմիջական սպառնալիքի դեպքում կամ պատերազմի ժամանակ, հանդիսանում է Միացյալ խմբավորման ռազմական կառավարման մարմին և նախատեսված է Միացյալ խմբավորման վրա դրված խնդիրների լուծման կազմակերպման ու ղեկավարման համար, Միացյալ խմբավորման հրամանատարին անմիջականորեն և օպերատիվ կարգով ենթակա զորքերի (ուժերի) կառավարման համար,

– Միացյալ խմբավորման կիրառման համար որոշումների ընդունումն իրականացվում է ռազմական անվտանգության ապահովման նպատակներով,

– Միացյալ խմբավորման տեղաբաշխման և կիրառման համար որոշումը համատեղ ընդունվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից,

– Միացյալ խմբավորման տեղաբաշխման և կիրառման համար որոշումների ընդունման մեխանիզմը նախատեսում է Կողմերի պետական և ռազմական կառավարման մարմինների գործունեության և փոխգործակցության հետևողականություն,

– Լիազորված մարմինները Կողմերի գործադիր իշխանության շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակում և սահմանված կարգով ուսումնասիրման համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին են ներկայացնում Միացյալ խմբավորման կիրառման և տեղաբաշխման մասին համատեղ որոշման նախագիծը:

Բացի այս, համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է նաև հետևյալ պարտավորությունները՝

– Համաձայնագրի իրագործման նպատակով որպես Լիազորված մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը,

– ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը Ռուսաստանի Դաշնության Լիազորված մարմնի հետ համատեղ սահմանեն Միացյալ խմբավորման կազմը ռազմաքաղաքական իրավիճակի համատեղ վերլուծության և համաձայնեցված եզրահանգումների հիման վրա` հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը, և զորքերի (ուժերի) կիրառման ընդհանուր մտահղացման հիման վրա,

– ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը Ռուսաստանի Դաշնության Լիազորված մարմնի հետ համատեղ սահմանեն խաղաղ ժամանակ փոխգործակցության կազմակերպման կարգը ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության, միացյալ խմբավորման կիրառման ընդհանուր մտահղացման մշակման, դրա կիրառման համատեղ պլանավորման ժամանակ,

– ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միջև փոխգործակցության կազմակերպման նպատակով ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը նախատեսի օպերատիվ խմբերի ուղարկումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ և Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական օկրուգի շտաբ,

– ինքնուրույն իրականացնել Միացյալ խմբավորման կազմի մեջ առանձնացված ՀՀ զորքերի (ուժերի) նյութատեխնիկական և ֆինանսական ապահովումը, ստեղծել և լրացնել նյութական միջոցների պաշարները մինչև համաձայնեցված չափաքանակները,

– ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը Ռուսաստանի Դաշնության Լիազորված մարմնի հետ համատեղ աշխատանքներ իրականացնեն զորքերի, հետախուզության և զենքի, կառավարման մարմինների հաշվողական կենտրոնների կառավարման ավտոմատացված համակարգերի, տեխնիկական և նյութական բազայի միասնականացումն ապահովելու, ինչպես նաև մարտական գործողությունների և օպերատիվ-մարտավարական խնդիրների մաթեմատիկական մոդելների մշակումներն ապահովելու ուղղությամբ:

Այսինքն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը նախատեսված է տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար: Այլ կերպ՝ փոխհամաձայնության սկզբունքների հիման վրա ենթադրում է փոխշահավետ համագործակցություն՝ նպատակ ունենալով դիմակայել կողմերի անվտանգության դեմ ուղղված մարտահրավերներին և սպառնալիքներին:

Հավելենք, որ նախորդ իշխանությունների օրոք կնքվել էր նաև Հայաստան-ՌԴ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր։

ՊՆ պաշտոնյաները այդ ժամանակ վստահեցնում էին, որ նախքան այս համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությունն իր միջոցներով էր պաշտպանում է օդային տարածքը:

«Այս համաձայնագրի հաստատումից հետո մենք շարունակելու ենք կառավարել մեր հակաօդային միջոցները, սակայն դրան ավելացնում ենք նաև Ռուսաստանի ռեսուրսը»,- 2016-ին նշել էր այդ ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը՝ հավելելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը Հայաստանին չի զրկում հակաօդային պաշտպանության սեփական միջոցները կառավարելու ինքնուրույնությունից:

Իհարկե, միավորված ՀՕՊ համակարգի գործունեությունը Արցախին չէր վերաբերում, և Արցախում Հայաստանն իր հակաօդային պաշտպանության միջոցները պիտի գործի դներ:

Եվ այս ամենի ֆոնին, մեղմ ասած, ծիծաղելի է Փաշինյանի հարցադրում-պնդումը, թե  2018-ին Հայաստանը ինչ ՀՕՊ համակարգ է ունեցել:

Երեկ 168.am-ը կոնկրետ այս թեմային կարճ արձագանքել է և հիշեցրել Ս-300-ի մասին: Այն նույն Ս-300-ի, որից, ինչպես 2021-ին հայտարարել էր Փաշինյանը, սպան «պլատա էր գողացել», բայց դատախազությունից 168.am-ին պատասխանել էին, որ գողություն կատարած անձի ինքնությունը հայտնի չէ, իսկ քրգործը հարուցվել է 2019-ին:

Վերադառնալով ռուսական անվտանգային գոտուց հեռանալու փորձերին՝ նշենք, որ այս օրերին ՀՀ-ում էր «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որն ունեցել է պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ, այցելել Ջերմուկ:

Տեսանյութեր

Լրահոս