Բաժիններ՝

Հայաստանն ընդդեմ Սերժ Սարգսյանի. մամուլ

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթում գրում է. «Նախևառաջ արժե, որ բոլորս իտստովանենք. այն, ինչ տեղի ունեցավ, անակնկալ էր: Ոչ մեկս չէր կարող կանխատեսել, որ այս «լազաթ» հռչակված ընտրարշավի արդյունքում Սերժ Սարգսյանը ոչ թե պարզապես կպարտվի, այլ կխայտառակվի։

Ես չափազանցությունների կողմնակից չեմ, բայց տեղի ունեցածն իրոք խայտառակ պարտություն էր։ Ինչո՞ւ։ Միայն այն փաստը, որ պաշտոնական իսկ տվյալներով` իշխանության թեկնածուն պարտվել է Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք Գյումրիում, ապա Աշտարակում, էջմիածնում, Արմավիրում, Նոր Հաճնում, Աբովյանում, Վանաձորում, Սպիտակում, Ախուրյանում, Արթիկում, Կապանում, Եղեգնաձորում, Նոյեմբերյանում, Իջևանում, ինչպես նաև կամ պարտվել է, կամ չնչին առավելությամբ է միայն հաղթել Երևանի տեղամասերում և իր պաշտոնական «հաղթանակն» ապահովել է երկրի առավել խուլ վայրերի շնորհիվ, ուր հնարավոր է եղել ժողովրդին ահաբեկել կամ խաբել, արդեն հնարավոր չէ այլ կերպ գնահատել, քան ապտակ և ստորացում։ (Ի դեպ, կարծում եմ՝ չեմ սխալվի, եթե ողջ հայ հասարակության անունից հատուկ շնորհակալություն հայտնեմ շիրակցիներին, ովքեր Սերժին ցույց տվեցին, թե ինչ ասել է «ինչքան կուզենք, կխփենք»-ը)։

«Հայաստանի քաղաքներն ընդդեմ Սերժ Սարգսյանի»՝ ահա, թե ինչպես է կոչվում տեսարանը։ Իհարկե, կան խոսակցություններ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողությանը սկզբում նպաստել է իշխանությունը, իսկ հետո իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Կարծես այսպիսի մի բան ակնարկեց Հրանտ Բագրատյանը։

Բայց իմ տպավորությամբ, եթե նույնիսկ այստեղ եղել է խաղի ինչ-որ ակնարկ, ապա այն իրոք դուրս է եկել վերահսկողությունից, և իշխանության ներկայացուցիչների մանթրաժը շատ իրական է թվում։ Սա ասում եմ հենվելով կոնկրետ տեղամասերում աշխատած ոչ թե մեկ, այլ բազմաթիվ իմ ընկերների ու բարեկամների տպավորությունների վրա, որոնց մեծ մասը պնդում է, որ հաշվարկի ժամանակ հանրապետականների մեծ մասը գույնը գցած է եղել, երբ տեսել է՝ ինչ է կատարվում։

Նույն եզրակացությանը կարելի է գալ նաև այսօրվա ԶԼՄ–ների դիտարկումից։ Երկու միտում կարելի է նկատել սովորաբար իշխանական պատվեր կատարելու մեջ կասկածվող վերլուծաբանների տեքստերում։ Աոաջին` իրար դեմ հանել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներին և ներկա կամ նախկին կոնգրեսականներին հակադրելով այսօրն ու 2008-ը։ Երկրորդ` վախ Ազատության հրապարակից և հանրահավաքից, որն արտահայտվում է նրանով, որ Րաֆֆուն անընդհատ ակնարկվում է, թե իբր հանրահավաքը հնացած տեխնոլոգիա է, որ եթե գնա այդ ճանապարհով, ապա հաջողություն չի ունենա, այ, եթե քաղաքացիական ինչ-որ ձևաչափերի մեջ տեղավորվի, ապա միգուցե իշխանություն չփոխի, բայց ինչ-որ նոր որակ հաղորդի ընդդիմադիր դաշտին և այլն, բավականին պարզունակ «կտեր», որոնք, հուսանք, ոչ ոք լուրջ չի ընդունում։

Պարզ է, որ այս դեպքում պետք է անել ամեն բան ճիշտ հակառակ նրան,  ինչ  որպես  դեղատոմս առաջարկում են այս տիպի «կտերի» մասնագետ հարգարժան պարոնայք։ Մի բան պարզ է. բոլորը սպասողական են։ Իշխանությունը դեռ ուզում է հասկանալ՝ Րաֆֆին ի՞նչ է ուզում, գնալո՞ւ է դիմադրության ճանապարհով, թե՞ ինչ-որ «կրեածիվ» է անելու։ Ըստ այդմ, համապարփակ գրոհ փաստացի հաղթած թեկնածուի դեմ դեռ չի սկսվել, բայց կծմծոցներ արդեն կան, և եթե Րաֆֆին արդարացնի ոչ թե իշխանության, այլ ձայներն իրեն տված ՀՀ քաղաքացիների հույսերը, ապա չկասկածեք, որ բարություն քարոզող մեր իշխանամետները միանգամից ատելության այնպիսի չափաբաժին կսկսեն արտադրել, որ շատերիս մարսողական համակարգը կարող է չդիմանալ այդ թույնի քանակին։

Վերադառնամ հոդվածիս սկզբի մտքին։ Կարևոր է, որ բոլորս արձանագրենք մեր կանխատեսական սխալը։ ՀՀ հասարակությունը մեզ հիշեցրեց հետևյալ կարևոր փաստերը։ Մեր ժողովուրդը լուրջ է ընդունում միայն նախագահական ընտրությունները։ Այդ ընտրությունների ժամանակ նա, անկախ բոլոր հանգամանքներից, միշտ ասել ու ասում է իր «ոչ»-ը բռնապետությանը, միշտ գտնում է այն թեկնածուին, ում միջոցով արտահայտում է իր «ո’չ»-ը։ Այս անգամ դա նույնիսկ ավելի ակննայտ դարձավ, քանի որ իշխանությունն էլ որոշ չափով թուլացել էր և կարծում էր, թե նախօրոք հաղթել է այս պարտիան։

Իրենց միակ հույսն այն է, որ փաստացի հաղթած թեկնածուն և թիմը բավականին հետևողական, վճռական և միասնական չեն լինի։ Իշխանության հույսը նրանց միասին կամ աոանձին-առանձին «բազառի» մեջ ներքաշելն է, իշխանության համար վտանգավոր միտինգային ուղուց շեղելը դեպի «քաղաքացիական» ճահիճ, ինչպես նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր խմբերի միջև հակասությունների ստեղծումն ու խորացումն է։ Երբ այս հոդվածը տպվի, շատ հարցերի պատասխաններ գուցե արդեն պարզ դաոնան։ Կարծում եմ` շատ չի մնացել սպասել։ Հուսամ` այս անգամ ևս ականատեսը չենք լինի տրագիկոմեդիայի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս