Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Պուտինին
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը:
ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Ռուսական պաշտոնական Kremlin.ru-ն էլ հայտնում է, որ Վլադիմիր Պուտին- Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
Ըստ Kremlin.ru-ի հաղորդագրության, դիտարկվել են 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հայտնի համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված քայլերը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է բոլոր ի հայտ եկած խնդիրները կառուցողական եղանակով կողմերի և ռուս խաղաղապահների միջև սերտ շփման և փոխգործակցության լուծման անհրաժեշտությունը»,-ասված է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում: