Բաժիններ՝

Իսրայելում ցույցերի պատճառով Պենտագոնի ղեկավարը հանդիպումներ կանցկացնի օդանավակայանում

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում մուտք չի գործի Իսրայելի տարածք այնտեղ շարունակվող բողոքի ակցիաների պատճառով: Նա իսրայելցի քաղաքական գործիչների հետ հանդիպումներ կանցկացնի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի մոտ գտնվող մի գործարանում:

Պենտագոնի խոսնակը հայտնել է, որ հանդիպման վայրի փոփոխությունը տեղի է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարության խնդրանքով: Օսթինի այցն Իսրայել տեղի կունենա այսօր: ԱՄՆ պաշտպանության նախարարը պետք է հանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ:

Ըստ Associated Press-ի՝ հակակառավարական ցույցերի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել ամբողջ երկրում: Հունվարի սկզբից Իսրայելում շարունակվում են ընդդիմության զանգվածային ցույցերը՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախարարների կաբինետի դեմ, որը երկրի կառավարումն ստանձնել Է անցյալ տարվա վերջին։

Բողոքի պատճառ է դարձել նոր կառավարության առաջարկած դատաիրավական բարեփոխումների նախագիծը, որը, մասնավորապես, ենթադրում է Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության նկատմամբ վերահսկողության տրամադրում նախարարների կաբինետին։ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայությունն սկսել Է մարտի 5-ին՝ Հորդանան կատարած այցով: Մարտի 7-ին նա չհայտարարված այցով ժամանել է Իրաք, մարտի 8-ին Պենտագոնի ղեկավարն այցելել է Եգիպտոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս