«Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանի ինադու պատրաստ է հանձնել Արցախը. միշտ մի Հուդա կգտնվի». էդգար Էլբակյան

Մարտի 6-ին Արցախի անվտանգության խորհրդի նիստում նիստը վարող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանը հայկական կողմին շարունակում է էլ ավելի ծանր իրավիճակում դնելու քաղաքականությունը։

«Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ, եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ասել է նախագահ Հարությունյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Էդգար Էլբակյանը, խոսելով Արայիկ Հարությունյանի հայտարարության վերը նշված դրվագի մասին, նշեց.

«Հարցը հստակ հասկանալու համար նախ պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունն է Արցախը հանձնել, նախ՝ իր պլաններում, իսկ անցյալ տարվանից՝ նաև փաստաթղթերում։ Հիմա Արցախը միայնակ է մնացել Ադրբեջանի դեմ, որովհետև խնդիրը Երևանում է, իսկ Երևանից հանձնած է: Միևնույն ժամանակ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմությունը ցույց է տվել, որ իրավիճակն անելանելի չէ, պատմությունը ցույց է տվել, որ Արցախի էլիտան ի վիճակի է ազդելու Հայաստանում որոշումների կայացման վրա, եթե ունի սեփական ազգային շահի գիտակցում»,- ասաց Էլբակյանը։

Կարդացեք նաև

Քաղաքագետի խոսքով՝ հանրության մի հատվածը պետք է դուրս գա այն մտայնությունից, թե՝ «խեղճ Արայիկն ի՞նչ անի, եթե Երևանից են Արցախը հանձնել»։

Ըստ Էլբակյանի՝ այս մոտեցումը խիստ սխալ է, որովհետև պատմությունն ապացուցել է՝ Արցախի քաղաքական էլիտան կարողացել է ազդել Երևանում կայացված քաղաքական որոշումների վրա։

«Եկեք հիշենք, որ երբ ՀՀ առաջին նախագահը 90-ականներին տանում էր ակտիվ հակառուսական քաղաքականություն, այն ժամանակ մենք կորցրեցինք Շահումյանն ու Մարտակերտը, հենց այդ ժամանակ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ու սպարապետ Վազգեն Սարգսյանը մտան Լևոն-Տեր Պետրոսյանի մոտ և ասացին՝ էս ի՞նչ ես անում, տարիներ անց բարձրացավ նաև Առաջին նախագահի հրաժարականի հարցը»,- ասաց Էլբակյանը՝ ընդգծելով՝ հիմա Արայիկ Հարությունյանը պետք է ունենա քաղաքական կամք՝ հստակ ասելու՝ էսպես չի՛ կարելի։

«Արցախում պետք է կանգնեն ու ասեն, որ էս մարդը իրենց հանձնում է, և ձևավորեն մեխանիզմներ դա կանխելու համար, իսկ եթե կա մտավախություն, որ խնդիր կառաջանա Հայաստանից տրվող գումարների հարցում, ապա կարելի է մտածել Արցախի համար հիմնադրամ ստեղծելու մասին, ինչպես առաջարկել է քաղաքագետ Թևան Պողոսյանը»,- ասաց Էլբակյանը՝ ընդգծելով, եթե Արայիկ Հարությունյանն իր պաշտոնին մնալու դիմաց հանձնում է Արցախը, ապա դառնում է Հայաստանի իշխանության հանցակիցը։

Հարցին՝ կարո՞ղ է Արցախում իրավիճակ փոխել Սամվել Բաբայանը, որը հայտարարում է, որ Արցախում կարող է իրավիճակ փոխել, եթե 100 օրով ստանձնի Արցախի պետնախարարի պաշտոնը, Էդգար Էլբակյանը պատասխանեց.

«Սամվել Բաբայանը Հայաստանի դե ֆակտո իշխանության հավելվածն է ներկայացնում Արցախում։ Սամվել Բաբայանն այնքան չարացած է նախկին իշխանությունների, մասնավորապես՝ ՀՀ 3-րդ նախագահի վրա, որ նրա ինադու պատրաստ է Արցախը հանձնել։ Վիճակն այսպիսինն է, ինչպես ասում են՝ միշտ մի Հուդա կգտնվի»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս