Հաագայի դատարանի որոշումը ևս մեկ միջազգային հիմք է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում․ Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Հաագայի դատարանի որոշումը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ևս մեկ անառարկելի միջազգային հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում:
Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Մեկ այլ որոշմամբ մերժեց Ադրբեջանի անհիմն պահանջը ականների վերաբերյալ:
Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և այս վարույթում հայկական կողմից ներգրավված բոլոր անձանց՝ իրենց կարևորագույն առաքելության համար:
Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում:
Սա համարում եմ մեր միջազգային պայքարում կարևոր հանգրվան, և Հայաստանի Հանրապետության հետ միասին շարունակելու ենք հնարավորինս օգտագործել միջազգային իրավական բոլոր մեխանիզմները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Արցախի պետական մարմիններն ունեն իմ հստակ հանձնարարականը առավելագույնս աջակցելու այդ ջանքերին:»