Բաժիններ՝

Պենտագոնը զինվորականներին հորդորել է չուտել կակաչի սերմով թխվածքներ՝ թմրանյութերի թեստը չտապալելու համար

Պենտագոնը նախազգուշացրել է իր 1,3 միլիոն զինծառայողներին, որ չուտեն կակաչի սերմերով թխվածքներ, քանի որ դրանք կարող են թմրանյութերի թեստի դրական պատասխանի պատճառ դառնալ:

Պենտագոնի պաշտոնյա Գիլբերտ Սիսներոսը հայտնել է, որ համաձայն վերջին հետազոտությունների՝ կակաչի սերմի որոշակի տեսակներում կոդեինի մակարդակը շատ ավելի բարձր է, քան նախկինում հաղորդվում էր: Հետևաբար, թմրանյութերի թեստը կարող է մեզում կոդեինի առկայություն ցույց տալ և խեղաթյուրել նախարարության կողմից անցկացվող ստուգումների արդյունքները:

«Հետևաբար, ռազմական ստորաբաժանումներին հանձնարարված է տեղեկացնել ծառայողներին՝ խուսափել բոլոր տեսակի կակաչի սերմերի, այդ թվում՝ կակաչի սերմեր պարունակող պարենային ապրանքների և հացաբուլկեղենի օգտագործումից», – նշել է Պենտագոնի պաշտոնյան:

Պարբերականը նշում է, որ կակաչն աճեցվում է դեղագործական և սննդի արդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկությունների կողմից՝ դեղագործության մեջ օգտագործելու կամ համեմունքներ պատրաստելու համար: Ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության տարածած տեղեկագրի՝ կակաչի սերմերը բերքահավաքի ընթացքում կարող են աղտոտվել մորֆինով և կոդեինով, ասվում է հուշագրում:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կակաչի սերմով հացաբուլկեղեն կամ խմորեղեն ուտելուց մինչև 48 ժամ անց մեզում կարող են հայտնաբերվել մորֆին և կոդեին:

Հակադոպինգային գործակալությունը նույնպես մարզիկներին խորհուրդ է տալիս մրցումներից մի քանի օր առաջ և դրանց ընթացքում խուսափել կակաչի սերմերի օգտագործումից, որպեսզի թեստերի դրական արդյունք չլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս