Բաժիններ՝

Գործարար Արթուր Կարապետյանը Արարատի գագաթից բերած քարը հանձնեց Հովհաննես Շիրազի տուն-թանգարանին

Գործարար, լեռնագնաց, նկարիչ Արթուր Կարապետյանը Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանին նվիրեց Արարատի գագաթից բերված քարը։ Էլբրուսը, Կիլիմանջարոն, Դենալին և աշխարհի մի շարք այլ գագաթներ նվաճած, լեռնագնաց, գործարար, նկարիչ Արթուր Կարապետյանը 15 ռուս լեռնագնացների հետ միասին 2003 թվականի սեպտեմբերին բարձրացել է Արարատ լեռան գագաթ: Արթուրն Արարատից իր հետ բերել է քարեր, որոնցից մեկը նվիրեց Հովհաննես Շիրազի թանգարանին:

Արարատ լեռը բարձրանալու հնարավորություն Կարապետյանը ստացել էր որպես ՌԴ քաղաքացի: Գագաթից որպես մասունք բերված քարերից մեկը Արթուրը 2005 թվականին դրել է Հովհաննես Շիրազի գերեզմանին, իսկ մյուսը տարիներ անց հանձնում է բանաստեղծի տուն թանգարանին: «Արարատ լեռան գագաթ բարձրանալուց հետո իմ կյանքը իմաստավորվեց: Չեմ ասում, թե ես մինչ այդ հայրենասեր չէի, բայց Արարատն իմ մեջ այդ սերն ավելի ամրացրեց»,-թանգարանի այցելուներին ներկայացնելով իր ուղին՝ նշեց Արթուրը:

Թանգարանում կայացած հանդիպման ընթացքում ցուցադրվեց Արթուր Կարապետյանին նվիրված վավերագրական ֆիլմ, իսկ որպես շնորհակալություն թանգարանը լեռնագնացին հանձնեց Շիրազի անտիպ էջերը:

Արթուրը ծնվել է Լենինականում, ավարտել Լենինականի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո տեղափոխվում է ՌԴ՝ կապը պահելով հայրենիքի հետ: Որպես լեռնագնաց՝ առաջին գագաթները հենց Հայաստանում է հաղթահարել ՝ բարձրանալով Արագած և Արա լեռների գագաթներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս