Հայոց բանակի դերն անուրանալի է Արցախը հայկական պահելու հարցում. Ռուբեն Վարդանյանի ուղերձը
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Այսօր մենք տոնում ենք Հայոց ազգային բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը: Սա իսկապես շատ կարևոր ու նշանակալից տոն է բոլոր հայերիս համար: Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և, իհարկե, Արցախը հայկական պահելու հարցում, իսկ դա հայկական աշխարհի պաշտպանության երաշխիք է:
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ կամավորներ անձնվիրաբար կռվել են և պաշտպանել Արցախը՝ կանխելով Արցախի ժողովրդի դեմ իրագործվող էթնիկ զտման քաղաքականությունը: Իմ խոնարհումն եմ հայտնում իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերածներին: Այսօր բազմաթիվ փորձությունների դիմադրող Արցախն ապացուցում է, որ ձեր անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ ուժեղ ու անկոտրում են դարձրել:
Ուղերձս ամփոփեմ Հայոց բանակի պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով, որն ուղղված է մեզ բոլորիս. «Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտություն եմ ասում»: