«2019-ի այս օրը տղայիս առողջ բանակ եմ ճանապարհել, բայց դեռ տուն չի եկել, սպասում եմ»․ Գարիկ Գալեյան
Վարչական դատարանը նախորդ տարեվերջին վարույթ էր ընդունել Ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի, և այսօր նշանակվել էր գործով նախնական դատական նիստը։
Ոստիկանությունը դատարանին ներկայացրած հայցով պահանջում է Գարիկ Գալեյանին ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, որը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Վարչական դատարանի շենքի բակում ի աջակցություն Գալեյանների՝ հավաքվել էին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Գարիկ Գալեյանը նախքան դատարան մտնելը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գործի վերաբերյալ որևէ տեղեկության չի տիրապետում, ավելին, եթե իր բախտակից ծնողները չհավաքվեին դատարանի բակում, դժվար էլ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից գար դատարան․
«Ես հենց հիմա տղայիս տնից եմ գալիս՝ Եռաբլուրից, էլի գնալու եմ այնտեղ։ Դատարան եմ եկել ծնողական համայնքի խաթր ու երևի ձեր՝ լրագրողների խաթր։ Անկեղծ եմ ասում, գործից ընդհանրապես տեղեկություն չունեմ, չեմ հետաքրքրվել, թե դատավորս ով է, անգամ անուն-ազգանունով չգիտեմ»։
Գալեյանների համար ավելի ծանր է այն հանգամանքը, որ դատական նիստը նշանակվել է նույն այն օրը, երբ իրենք իրենց որդուն ճանապարհել էին բանակ․
«2019 թվականի հունվարի 17-ին իմ տղային առողջ, թիկնեղ, տանից ճանապարհել եմ, բայց դեռ տուն չի վերադարձել, սպասում եմ, քանի որ չենք տեսել։ Մայրը չի տեսել որդուն, փակ են բերել, դրոշն է եկել տուն։
Չեմ ուզում պատկերացնել, որ հանկարծ դիտավորյալ են այս օրը դատական նիստ նշանակել, չեմ ուզում պատկերացնել։ Ամեն ինչ պարզ կլինի դատարանի որոշումից»։
Նշենք, որ հայցվոր կողմը՝ ոստիկանության ներկայացուցիչը, չէր ներկայացել դատական նիստին, և այն կայացավ առանց հայցվորի։ Դատարանը հաջորդ նիստը նշանակեց փետրվարի 19-ին։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի, տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում