Ինչու Արևմուտքը, ինչպես հարկն է, չի արձագանքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին

«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն ունի ավանդական ռեգիոնալ ու այս պահին՝ նաև աշխարհաքաղաքական լրջագույն պատճառներ»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով Հայաստանն Արցախին կապող միակ կյանքի ճանապարհի շրջափակմանն Ադրբեջանի կողմից, Ռուսաստանի դիրքորոշմանը, իրավիճակի երկարաձգմանն ու իրավիճակից հնարավոր ելքերին։

Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Լաչինի միջանցքի շրջափակումը նպատակ ունի հայաթափել Արցախը, որն այսօր Ադրբեջանի պաշտոնյաներն այլևս չեն թաքցնում՝ ակնարկելով, որ ճանապարհը միակողմանի բաց կարող է լինել Ղարաբաղը լքել ցանկացողների համար։

Ըստ նրա, Ադրբեջանի կողմից միամտություն է կարծելը նաև, որ հայ ժողովուրդն ընդունելու և տեղի է տալու նմանատիպ ճնշումներին, որքան էլ բարդ է ստեղծված իրավիճակը։ Ռուս թուրքագետի խոսքով, տեսանելի է դիմադրություն և ցանկություն ապրելու սեփական հայրենիքում, ինչը բնական ու սպասելի արձագանք էր կիրառվող ճնշումներին։

«Ադրբեջանի կողմից նմանատիպ քայլերը, ճնշումները սպասելի են եղել, սակայն արտաքին դերակատարների նման արձագանքը ու իրավիճակը լուծելու հարցում քայլեր անելու պատրաստակամությունը թույլ է, ինչը սպասելի չէր։ Սակայն այս ամենը հստակ բացատրելի է, քանի որ կա աշխարհաքաղաքական ճգնաժամ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որը բավականին լուրջ դրսևորումներ է ստանում Հարավային Կովկասում՝ ՌԴ ազդեցության գոտում։ Բնականաբար, Ռուսաստանը նկատում է այդ շատ տարբեր դրսևորումներն իր դեմ և փորձում է իր դեմ երկրորդ ճակատի բացում թույլ չտալ։ Բնականաբար, Արևմուտքի նպատակը դա է՝ երկրորդ լարվածության ճակատի միջոցով հետսովետական գոտում վերացնել ռուսական ազդեցությունը՝ լինի դա ռազմական թե քաղաքական ազդեցություն։ Այս ամենով պայմանավորված Ռուսաստանի ներկայիս պահվածքը տպավորություն է ստեղծում, թե չկան քայլեր, գործողություններ, այնինչ կան հստակ հաշվարկներ, ինչպես ես եմ կարծում։ Վստահ եմ, որ արվում է հնարավորը, որպեսզի բնակչությունը հնարավորինս քիչ խնդիրների բախվի։

Հաշվի առնելով ռուս-իրանական հարաբերություններում նոր խորությունները, ակնկալում էի Իրանի կողմից ավելի գործուն քայլեր, սակայն, ինչպես ցույց տվեցին վերջին շաբաթները, Իրանը դեռ խուսափում է հրապարակային քայլերից, որոնք իրանաադրբեջանական նոր լարվածության պատճառ կարող են դառնալ։ Այս դեպքում պետք է լիներ համակարգված ճնշում Ադրբեջանի նկատմամբ նաև Արևմուտքի կողմից, բայց քանի որ գլոբալ նպատակն այլ է, այդ ճնշումը չկա, չնայած այն հանգամանքին, որ խոսքը հումանիտար ճգնաժամի մասին է»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, ի տարբերություն Հայաստանի և ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգության սեպտեմբերին, որի պարագայում ԵՄ-ն դիտորդական առաքելություն է տեղակայում, մեծ ռեսուրսներ փորձում հատկացնել, Լաչինի միջանցքի դեպքում ընդհանուր առմամբ չկան գործնական քայլեր։

«Ինչո՞ւ չկան այն դեպքում, երբ Արևմուտքը մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիրն է։ Չկան, որովհետև այստեղ կան ռուսները, և պետք է ամեն գնով ցույց տալ ռուսական անարդյունավետությունը՝ զուգահեռաբար սրելով իրավիճակը։

Բայց պարադոքսը նաև այն է, որ ՄԱԿ ԱԽ-ում հարցը լրջորեն չի բարձրացվում և նույնիսկ չի քննարկվում խաղաղապահ մանդատի կամ այդ մանդատը փոփոխելու հարցը։ Վստահ եմ, որ չի քննարկվելու, որպեսզի իրադարձությունների ողջ պատասխանատվությունը դրվի խաղաղապահների, այսինքն՝ Ռուսաստանի վրա՝ ռեգիոնում ՌԴ հետագա հեղինակազրկման նպատակով։ Իսկ ՌԴ-ում, թեև հասկանում են խնդրի ողջ լրջությունը, կենտրոնացած են ներռուսաստանյան խնդիրների և Ուկրաինայում ՌԴ խնդիրների վրա, որը ՌԴ նորագույն պատմության ամենաճակատագրական փուլն է։ Երկրում առկա ողջ ռեսուրսը, ուշադրությունը այս պահին միայն այդ խնդիրներն են, ու դա բնական է։ Ռուսաստանին ներկայումս ձեռնտու է իր հարևան գոտիներում ստատուս-քվոյի պահպանումը, իսկ Արևմուտքն աշխատում է հակառակի ուղղությամբ, որպեսզի անկախ նրանից, ինչպես կավարտվի պատերազմն Ուկրաինայում, ՌԴ-ին սպասվեն անակնկալներ ամենուր»,- պարզաբանեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նա գտնում է, որ Հայաստանը, որն իր բոլոր խնդիրները հասցեագրում է այլ երկրների, պետք է հատկապես այս փուլում այլ որակի քաղաքականություն ու դիվանագիտություն ունենար, որպեսզի այն չդիտարկվեր երկակի ոչ Մոսկվայում, ոչ նույնիսկ Արևմուտքում, դիտարկվեր նաև ավելի պատասխանատու երկրի ներսում։ «Իմ տպավորությամբ, ոչ Արևմուտքի համար է հասկանալի, թե ինչպես է դիրքավորվել Երևանը, ոչ առավել ևս՝ Մոսկվայի համար։ Դա չի կարող չանդրադառնալ նաև խնդիրների լուծումների, դրանց արագությունների ու ընդհանրապես լուծման հեռանկարների վրա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս