Դեղատներում ո՞ր դեղերի դեֆիցիտ կա

Դեղագործական շուկայում պարբերաբար որոշ դեղերի դեֆիցիտ է նկատվում, իսկ ոլորտի ներկայացուցիչները բացատրում են՝ սա պայմանավորված է կորոնավիրուսով, ապա՝ նաև ռուս-ուկրաինական պատերազմով:

«Որոշ դեղամիջոցներ պահի տակ դառնում են դեֆիցիտ, բայց այնպես չի, որ երկար ժամանակով: Ներկա պահին միայն փոքրերի համար նախատեսված հակաբորբոքային պրեպարատների դեֆիցիտ կա: Կարծում եմ՝ պատերազմն էլ է մեղավոր: Ինչ-որ մի պահի էլ ռուսներն էին շատ գնում, ուղարկում այստեղից Ռուսաստան: Հիմնականում Հայաստանից գերմանական արտադրության դեղեր էին տանում Ռուսաստան, ու ահագին ժամանակ դեֆիցիտ էր լինում: Հիմա կարգավորվել է»,- մեզ հետ զրույցում ասաց դեղատներից մեկի սեփականատերը՝ շեշտելով, որ դեղորայքն էժանացել է, ու սա՝ նորմալ մրցակցության հաշվին:

«Հիմնականում էժանացել են եվրոպական արտադրության դեղերը, իսկ ռուսականը մի պահ բարձրացավ, հիմա որոշակի նահանջ է նկատվում»,- նշեց մեր զրուցակիցը:

ԱԿԳ դեղատնային ցանցից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրենց մոտ առկա են սիրտ-անոթային հիվանդությունների, ճնշման, գլխացավերի համար դեղեր, որոնց բացակայության մասին հաճախ բարձրաձայնում են քաղաքացիները, դեղատնային ցանցից հայտնեցին, որ բոլոր դեղերն առկա են:

Կարդացեք նաև

«Գեդեոն ռիխտեր» դեղատնային ցանցից ևս հայտնեցին, որ այս պահին որևէ դեղի դեֆիցիտ չկա:

ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանն էլ օragir.News-ին հայտնել է, որ ԱՆ-ի կողմից անընդհատ իրականացվում է շուկայի ուսումնասիրություն՝ դեֆիցիտի հայտնաբերման համար:

«Վերջինը մենք իրականացրել ենք նոյեմբեր ամսին, և դրանից հետո նախարարի հատուկ թույլտվությամբ մինչև մարտի 1-ը ներառյալ ՀՀ-ում թույլատրվում է ներմուծել չգրանցված մոտ վեց խմբի դեղեր՝ անզգայացնողներ, հակացնցումային դեղեր, հոգեմետ դեղեր, թունավորումների ժամանակ կիրառվող դեղեր, հակաուռուցքային և իմունաճնշիչ դեղեր և հակապարկինսոնային դեղեր։ Այս պահի դրությամբ՝ շուկայում դիֆիցիտ է եղել այս խմբի դեղերի շրջանում: Ներկայումս մենք նորից ուսումնասիրում ենք, կա մի քանի հակաբիոտիկների խնդիր մեր շուկայում, ԱՆ-ն ուսումնասիրելուց և արդյունքները գնահատելուց հետո իր լիազորության սահմաններում, հիմք ընդունելով մեր օրենսդրական հնարավորությունները, որոշում կկայացնի, որի մասին արդեն և՛ մեր տնտեսվարողները, և՛ մեր բնակչությունը կիմանան»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս