«Ամեն մեկս էլ պատրաստ ենք այս դժվարին իրավիճակում պայքարել մեր հողում՝ Արցախում ապրելու համար». Հացիի համայնքապետ
Արդեն 36-րդ օր է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Մարտունու շրջանի Հացի գյուղը, ինչպես ամբողջ Արցախը, շարունակում է ապրել շրջափակման պայմաններում՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները։
168.am-ի հետ զրույցում Հացիի համայնքապետ Սանթուր Սարգսյանն ասաց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների առումով ծայրահեղ վիճակում չեն, այդուամենայնիվ որոշակի խնդիրներ կան։
«Բոլոր ապրանքների տեսակները չեն, որ կան խանութներում, և գնալով իրավիճակն ավելի է վատանում։ Էլեկտրաէներգիայի խնդիր կա՝ ինչպես ամբողջ Արցախում, հոսանքի մատակարարումն անջատումներով է լինում, նաև դիզվառելիքի խնդիրն է լուրջ։ Սրա հետևանքով դադարեցված են գյուղատնտեսական աշխատանքները, մարդիկ իրենց անձնական մեքենաները ևս չեն օգտագործում։ Գյուղատնտեսական աշխատանքները նաև չենք կատարում, քանի որ ադրբեջանական կողմը կրակում է դաշտում աշխատող խաղաղ բնակիչների վրա։ Հունվարի 6-ին երկրորդ անգամ դեպք եղավ մեր համայնքում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ կրակել են, այդ աշխատանքները դադարեցվեցին»,- նշեց Հացիի գյուղապետը։
Ըստ համայնքապետի, շրջափակման այս օրերին Հացիում, փառք Աստծո, չի եղել այնպիսի հիվանդ, որը Երևան տեղափոխելու կարիք է ունեցել, սակայն եղել են հիվանդներ, որոնց չեն կարողացել ապահովել դեղերով, քանի որ Ստեփանակերտի դեղատներում էլ արդեն շատ դեղեր բացակայում են։
Սանթուր Սարգսյանի խոսքով՝ Արցախի շրջափակման համար Հայաստանում չի տեսնում բավարար ակտիվություն խնդիրը լուծելու ուղղությամբ: Նման ակտիվություն չի նշմարվում՝ ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ՝ միջազգային հանրության կողմից
«Այս խնդրի լուծումը ճանապարհը հնարավորինս շուտ բացելն է։
Իհարկե, այս ամենն ազդել է բնակիչների տրամադրություների վրա, կա որոշակի բացասական տրամադրություն, որոշ չափով ընկճված են, սակայն յուրաքանչյուրը պատրաստ է հաղթահարելու այս իրավիճակը։ Ամեն մեկս էլ պատրաստ ենք այս դժվարին իրավիճակում պայքարել մեր հողում՝ Արցախում ապրելու համար։ Այնպես որ, արցախահայությունն ապրելու է իր հողում, և որևէ մեկը նպատակ չունի իր հայրենիքից հեռանալու»,- եզրափակեց Սանթուր Սարգսյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Հունվարի 15-ի տվյալներով՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 28 հիվանդ հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։