Դրական լիցքեր հաղորդող բույսը` ամելյանչիեր

Բուժիչ նամակներ

Ամելանխիեր կլորատերևը պատկանում է վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքին։ Ամելանխիեր կոչվող բույսերի ցեղն ընդգրկում է 25 ենթատեսակներ։ Գիտական Amelanchier անվանումը հավանաբար ունի կելտական ծագում` ֆրանսիական Պրովանսում ամելանխիեր կլորատերև անվանում են` «ամելյանչիեր»։

Այս թուփը ծանոթ է ինձ մանկությունից, այն աճում էր մեր պապենական տան այգու ցանկապատի տակ։ Պատմում էին, որ թուփը շատ հին է։ Հայրս մի քանի տարին մեկ էտում էր թփի բազմաթիվ բները` թողնելով միայն կոճղեր, գարնանը մեր «բիշմուլան» արագորեն բարձրանում էր վեր։ Բաց կանաչ կլորավուն տերևները և կարմրավուն ճյուղիկները սկզբից պատված էին սպիտակավուն խավով, հետո այդ խավը վերանում էր, և դուրս էին գալիս մոտ 3 սմ տրամագիծ ունեցող ծաղիկները։ Ծաղկաթերթերն իրարից հեռու էին, նշտարաձև, ճերմակ, շատ գրավիչ։

Ծաղկաբույլերը փոքր վահանաձև են, յուրաքանչյուրում` 5-10 ծաղիկներով։ Ճերմակ ծաղիկները հիացնում էին բոլորին, այս թփի մոտակայքում դրված սեղանի շուրջ «հյուրընկալվել» են բազմաթիվ անվանի մարդիկ` Լևոն Աբովյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Նորայր Մնացականյանը, Վաչե Հովսեփյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Ջիվան Տեր-Թադևոսյանը։

Ամռանը «բիշմուլայի» վրա սկսվում է պտուղների հասունացման շրջանը` սկզբից դրանք կարմիր են, հետո ստանում են սև երանգ և ծածկվում կապտավուն խավով։

Մեր թփի պտուղների տրամագիծը հասնում էր 1,5-2 սմ, ինչը սովորականից մեծ է` բնության մեջ աճող ամելանխիեր կլորատերևի պտուղներն ավելի մանր են. մոտ 1 սմ։ Բնական պայմաններում հանդիպում են ամելանխիերի մոտ 19 տեսակներ, որոնցից առավել հայտնի են հարթը (Amelanchier laevis), կանադականը, մեծահասկը և կլորատերևը (A. rotundifolia)։ Ամելանխիերի պտուղները հյութալի են, թույլ մեղրահամ։ Բույսը հաճախ մշակվում է կանաչապատման նպատակներով։

Կանադական և ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում աճող` ամելանխիեր հարթ տեսակների պտղից պատրաստում են հյութ, մուրաբաներ, գինի և այլն, թարմ պտուղները խորհուրդ է տրվում ուտել մի շարք հիվանդությունների դեպքում։

Ամելանխիեր կլորատերևի հայրենիքը Կովկասն է և Ղրիմը, տարածված է նաև Ռուսաստանի եվրոպական մասում, Արևմտյան Սիբիրում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում։

Բույսն արտակարգ ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է, ոչ պահանջկոտ հողի որակի հանդեպ։ ՀՀ բնական պայմաններում հանդիպում է Սևանի ավազանում, Վայքում, Ախուրյան գետի վերին հոսանքներում։ Աճում է քարքարոտ թեքություններին, թփուտների մեջ, կաղնու անտառներում` մինչև 2000 մ բարձրությունների վրա։ Ամելանխիերը շատ լավ է հարմարվում չափավոր խոնավ կլիմայական պայմաններում, լուսասեր է։ Բնափայտի տեսակարար կշիռը բարձր է, պատրաստում են հրացանի շամփուրներ, հուշանվերներ, նախշազարդ ձեռնափայտեր։ Բույսը չի վախենում նույնիսկ ամենաուժգին քամիներից։

Բուժիչ հատկություններ ունեն բույսի կեղևը, ծաղիկը, տերևը, պտուղը։ Կեղևը պարունակում է դաբաղանյութեր, տերևը` ասկորբինաթթու, ծաղիկը և պտուղը` նաև ռուտին և կարոտին։

Պտուղը պարունակում է մոտ 12 տոկոս շաքարներ, 1 տոկոս օրգանական թթուներ։
Պտուղը և ծաղիկն ունեն հակաբորբոքային հատկություն, լավացնում են մարսողությունը, բարելավում աղիների միկրոֆլորան, չեն առաջացնում ալերգիկ ռեակցիա, խորհուրդ են տրվում աթերոսկլերոզի, երակների վարիկոզ լայնացման, հիպերտոնիայի, սրտամկանի ինֆարկտի դեպքում` որպես կանխարգելիչ միջոց։

Ամելանխիերի պտուղները շատ օգտակար են տեսողության համար` չեն զիջում նույնիսկ սև հապալասենուն։
Այս համեստ բույսն ունի ևս երկու հրաշալի հատկություն.
1. Ասկորբինաթթվի պարունակությամբ և ասկորբինաթթու-ռուտին փոխհարաբերակցությամբ գերազանցում է խնձորի լավագույն տեսակներին, ինչի շնորհիվ բարերար ազդեցություն ունի մազանոթների վրա։
2. Օգտակար է ճառագայթային թերապիայի և հակաբիոտիկ դեղերի օգտագործման դեպքում։

Ժողովրդական դեղատոմսեր
Թուրմ. 1 ճ/գ ամելանխիերի ծաղիկները 30 րոպե թրմեք տաք (նախապես եռացրած) ջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
Ոգեթուրմ. 100 գ մանրացրած ծաղիկները 2 շաբաթ թրմեք 50 մլ օղու մեջ, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

Թուրմը և ոգեթուրմը խորհուրդ են տրվում հիպերտոնիայի դեպքում և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացումը կանխարգելելու համար։
Հակաբորբոքային և արյան մածուցիկությունն իջեցնող հատկությունների շնորհիվ ծաղիկը և տերևներն օգտագործում են վարիկոզի դեպքում։
Հիպերտոնիայի, վարիկոզի, տեսողության թուլացման, կատարակտի և տրախոմայի դեպքում. 400 գ թարմ պտուղը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում, ճզմեք պտուղները և քամեք թանզիֆով։

Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
Ավիտամինոզ. 20 գ պտուղը տրորեք, 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` նախաճաշից առաջ և ընթրիքից 2 ժամ հետո։
Լուծ. 1 ճ/գ չորացրած պտուղը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
Անգինա, քրոնիկ տոնզիլիտ. Խառնեք պտղի հյութը գոլ ջրի հետ (1։1), կատարեք ողողումներ։
Թարմ պտուղը, հյութը, օշարակն օգտակար են տղամարդկանց, անքնության, նյարդային գրգռվածության դեպքում, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։
Օշարակ. 1 կգ պտղին ավելացրեք 1 լ գոլ շաքարաջուր (1։1), հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը։ 8 ժամ թրմեք և կրկին եփեք` մինչև պատրաստ լինելը, լուծեք 1-2 գ կիտրոնաթթու։ Պահեք սառնարանում։ Խմեք 1-2 ճ/գ ջրի հետ` ուտելուց առաջ։
Ամելանխիերի կամ, ինչպես մենք էինք անվանում, բիշմուլայի էներգիան հանգստացնող ազդեցություն ունի։
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս