Նորվեգիան կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով

Նորվեգիան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի զարգացումներով և այն հանգամանքներով, որ դա կարող է էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասաց ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ Մոնա Յուլը՝ կոչ անելով Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը միջանցքով։

«Միջանցքի արգելափակումն արդեն իսկ ծանր մարդասիրական հետևանքներ ունեցել է, բժշական պարագաներ, դեղորայքը և բժշկական տարհանումը ընդհատվել են։ Կենսական ապրանքների ու ծառայությունների մատակարարման ցանկացած խաթարում առաջին հերթին վնասում է ամենախոցելիներին, և դրանից պետք է խուսափել։ Բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ 2020-ի նոյեմբերին եռակողմ հայտարարության մեջ արված հանձնառություններին։ Հատկապես, կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով։ Որևէ մեկի շահերից չի բխում մարդասիրական ծանր իրավիճակ ստեղծելը Լեռնային Ղարաբաղում»,- նշեց Յուլը։

Նա ընդգծեց, որ խնդրի լուծման պետք է հասնել երկխոսությամբ և դիվանագիտական նախաձեռնություններով՝ կոչ անելով առավելագույն զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել ու վերադառնալու բանակցային սեղանի շուրջ բարեխղճորեն և առանց նախապայմանների։

ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչը ողջունեց հանգամանքը, որ Լաչինի միջանցքի փակման հարցը քննարկման է դրվել Անվտանգության խորհրդում։ «Միջազգային հանրությունը չի կարող սպասել, թե այս փոթորկահույզ իրավիճակն ինքնին կանհետանա, կվերանա։ Մենք ողջունում ենք միջնորդական ջանքերը տարածաշրջանում, ողջունում ենք միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված բանակցությունների խորացմանը»,- եզրափակեց Մոնա Յուլը։

Տեսանյութեր

Լրահոս