«Այս լարված իրավիճակում նման հաղորդագրության տարածումը պատահական չեմ համարում». Տաթևիկ Հայրապետյան
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանի ԳՇ պետը ստուգել է մի շարք զորամասերի մարտունակությունը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական աղբյուրները, «Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վալիևն այցելել է կոմանդոս բրիգադներ և այլ զորամասեր ՝ ստորաբաժանումների մարտունակությունը ստուգելու նպատակով։
Գլխավոր շտաբի պետը ստուգել է հրամանատարների գործնական հմտությունների կատարելագործումը որոշումների կայացման և ուժերի կիրառման հարցում, ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը, մարտական հերթապահության կազմակերպումն ու կրումը:
Անդրադառնալով զորավարժությունների և պարապմունքների ինտենսիվության և որակի բարձրացմանը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հանձնարարել է դրանք անցկացնել իրական մարտի պայմաններին համապատասխան միջավայրում ՝ հաշվի առնելով «Հայրենական» պատերազմի (Արցախի դեմ սանձազերծված 44–օրյա պատերազմը) ընթացքում ձեռք բերված փորձը, ինչպես նաև վերջին գործողությունները, հատկապես այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած մարտական բախումները (ՀՀ–ի դեմ սանձազերծված ագրեսիան)»:
Այս լարված իրավիճակում նման հաղորդագրության տարածումը պատահական չեմ համարում:
Հնարավոր ռազմական քայլերի գնալու սպառնալիքը Ադրբեջանը միշտ պահում է իր ձեռքին՝ որպես ՀՀ–ի ու Արցախի դեմ ճնշման միջոց, քանի որ Ադրբեջանը դեռևս չի պատժվել ագրեսիայի համար:
Այս ֆոնին ավելի հասկանալի են դառնում իրենց ՊՆ–ի կողմից ամեն օր տարածվող ապատեղեկատվությունները, թե իբր ՀՀ–ն կամ Արցախը խախտում են հրադադարը»: