«Արաբական ոչ մի ոչխար՝ Վայոց Ձորում»
Արաբական ոչ մի ոչխար՝ Վայոց Ձորում: Այսպիսի կոչերով այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ էին հավաքվել «Հայազն» միության անդամներն ու մի խումբ բնապահպան ակտիվիստներ: Նրանք իրենց մտահոգությունն էին հայտնում Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալության հիմունքներով Իրանին տրամադրելու ծրագրի առնչությամբ: «Հայազնի» մամուլի և հանրային կապերի պատասխանատու Արմեն Հովհաննիսյանը հայտնեց, որ նամակ է հանձնելու կառավարությանը`«գործարքը վիժեցնելու պահանջով».
«Արոտավայրերը վարձով հանձնելն Արևելյան Ատրպատական նահանգի ոչխարապահներին՝ ոչխար աճեցնելու համար, կատաստրոֆիկ հետևանքներ է ունենալու բնապահպանական տեսակետից, որովհետև այդպիսի զանգվածային ոչխարաբուծությունը Սյունիքի տարածքում անգամ եթե չլիներ, արտաքին քաղաքական պահն անընդունելի է: Դա ստեղծելու է անվտանգության խնդիր, քանի որ փաստորեն մենք օղակներ ենք ստեղծում մեր տարածքում, այն էլ՝ այնպիսի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքում, ինչպես Սյունիքն է, ստեղծում ենք օտար երկրի օղակներ, որոնք մշտապես այնտեղ բնակվելու են: Դա որևէ լուրջ տնտեսական օգուտ մեր երկրին չի տալու: Դուք երևի տեսել եք, որ վարձակալության գինը 26 դոլար է 1 հեկտարի համար, եթե չեմ սխալվում: Մենք կարծում ենք, որ այս շենքը (խոսքը Կառավարության շենքի մասին է) իր ամբողջ տարածքում 21 հա-ից քիչ է, մենք պատրաստ ենք 26 դոլարով այն վարձակալել, և գոնե այն փաստը, որ այս մարդիկ չեն գործելու որոշ ժամանակ, ահագին օգուտ կբերի մեր հայրենիքին»:
Բնապահպան, «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի նախագահ Սիլվա Ադամյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կտրականապես դեմ է այդ ծրագրին. «Այն հղի է ինչպես՝ բնապահպանական, այնպես էլ՝ սոցիալական խնդիրներով: Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ Հայաստանից փախած բոլոր ադրբեջանցիներն այսօր պատսպարվել են Իրանում և հենց այդ մասում, որտեղից որ պետք է անասունները և չոբանները բերվեին Սյունիքի տարածք: Բոլորիս համար կասկած չի հարուցում այն փաստը, որ այդ մարդիկ այստեղ կապրեն, կբազմանան, կստեղծեն ընտանիքներ: Մենք բոլորս երկար տարիներ պայքարել ենք, որպեսզի ունենաք ազատ, անկախ Հայաստան, մաքրել ենք Սյունիքն ադրբեջանցիներից: Կանենք ամեն ինչ, որ այս ամենը չիրագործվի»:
Բնապահպան Արման Վերմիշյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի տրամաբանություն չի տեսնում Սյունիքի արոտավայրերն Իրանին տրամադրելու քայլի մեջ. «Անիմաստ ինչ-որ գործունեություն են ցանկանում ծավալել, որը ոչ մի ձևով առողջ բանականության մեջ չի տեղավորվում: Մենք ինքներս ունենք գյուղատնտեսությունը զարգացնելու խնդիր, ընդ որում, ցանկալի է ոչ թե ոչխարաբուծություն, այլ խոշոր անասնապահություն, հաշվի առնելով, որ ոչխարաբուծությունն էկոլոգիական տեսանկյունից բավական վտանգներ է ներկայացնում: Սա ես ուղղակի աբսուրդ եմ համարում: Թե՛ տնտեսապես, թե՛ ռազմավարական, թե՛ բնապահպանական տեսանկյունից՝ բացարձակապես անտրամաբանական գործընթաց եմ համարում»:
«Ես դեմ եմ, որ իմ հայրենիքը տրամադրեն որպես արոտավայր՝ օտարազգի քաղաքացիների: Ես ուզում եմ, որ իմ Հայաստանի գյուղացիներն իրենք զբաղվեն անասնապահությամբ»,- ասաց ակցիայի մասնակիցներից Անի Կաղինյանը: