Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը թուրք-նատօական սադրանք է՝ ուղղված հայության եւ ռուս խաղաղապահների դեմ․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Դաժանորեն պատժվում են նրանք, ովքեր դասեր չեն քաղում սեփական պատմությունից։
Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը թուրք-նատօական սադրանք է՝ ուղղված հայության եւ ռուս խաղաղապահների դեմ։
Դեռ ամիսներ առաջ ասել եմ, որ Ուկրաինայում ռուս-նատօական հակամարտության խորացումն ու ռուսական դիրքերի հնարավոր թուլացումը Հարավային Կովկասում ձեռնտու է բացառապես ՆԱՏՕ-ին, Թուրքիային ու Ադրբեջանին։
Ալիեւն ու Էրդողանը օգտվելու են մի կողմից Ռուսաստանի «խառը» լինելով ուկրաինական ճակատում, իսկ մյուս կողմից՝ հակառուսական քարոզչությունից, որ իրականացվում է Հայաստանում հակապետական շրջանակների կողմից։
Ակնհայտ է, որ թուրքերն ու ադրբեջանցիները չեն մարսում ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, իսկ Արեւմուտքը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում։
Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում են Հայաստանին զրկելու իր միակ անվտանգության երաշխավոր Ռուսաստանից՝ փորձելով դեմոնիզացնել ՌԴ-ի կերպարն ու նոր հնարավոր աղետի մեղավոր կարգել ռուսներին։
Նպատակային խեղաթյուրվում է իրականությունը, թե ռուսը գնա՝ լավ ու անվտանգ կապրենք։
Իսկ իրականությունն ու փաստերը հետեւյալն են։
Նիկոլի ռեժիմը 2018-ից սկսած հակառուսականություն է քարոզել։
2020-ի հոկտեմբերի 19-ին մերժել է Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։
Հայտնվել են մարդիկ,որ ասում են, եթե ռուս խաղաղապահները չմտնեին Արցախ, թուրքը կպարտվեր։
Իրո՞ք։
Թարմացնե՞մ հիշողություններդ։
Մինչեւ ռուս խաղաղապահների ժամանումը Արցախում բնակչության մեծամասնությունը արդեն դուրս էր եկել։
Թշնամին շարժվելու էր ու գրավելու էր ողջ Արցախն ու Սյունիքը։
Միայն ռուսական խաղաղապահների առկայությունը թույլ չտվեց թուրքերին իրականացնել իրենց նենգ ծրագիրը։
Այսօր ՆԱՏՕ-ն ու Ադրբեջանը՝ օգտվելով ՌԴ-ի ուկրաինական ճակատում խրվելուց, երկրորդ ճակատ են ուզում բացել։
Ռուսաստանի հնարավոր անհաջողությունը կլինի ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի վերջը։
Ցավն էլ նա է, որ նիկոլիստական ռեժիմն ռեւերանսներ է անում թուրքերին ու հրաժարվում ՀԱՊԿ-ի/իրականում ՌԴ-ի/ ռազմական օժանդակությունից։
100 տարի առաջ էլ էինք էս խելքին, դրա համար թուրքին ստիպված դիմավորեցինք Երեւանում ու արձանագրեցինք պետականության անկում։
Այն ժամանակ Հայաստանը փրկվեց միայն խորհրդայնացման շնորհիվ։
Պատմությունը դաժանորեն պատժում է նրանց, ովքեր դասեր չեն քաղում հենց սեփական պատմությունից։
Հ.Գ.Այս ամենը պետք է գիտակցի նաեւ Մոսկվան եւ թույլ չտա,որ Անկարան ու Բաքուն նստեն իր գլխին»: