Իլոն Մասկը Twitter սոցիալական ցանցի թվիթների սահմանաչափը կավելացնի 14 անգամ
Twitter սոցիալական ցանցը պատրաստվում է թուլացնել մեկ հաղորդագրության երկարության վրա դրված սահմանափակումը:
Սահմանաչափը կավելանա 14 անգամ՝ 280-ից մինչև 4 հազար նիշ: Այս մասին հայտարարել է հարթակի սեփականատեր, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
Բաժանորդներից մեկի հարցին՝ ճի՞շտ է, որ Twitter-ը պատրաստվում է թույլատրված նիշերի թիվը 280-ից հասցնել 4000-ի, գործարարը դրական է պատասխանել։ Այլ մանրամասներ Մասկը չի հայտնել, այդ թվում՝ նոր գործառույթի գործարկման ժամկետների մասին։
Twitter-ը սկսել է աշխատանքը 2006 թվականին, սոցիալական ցանցի հիմնադրումից ի վեր յուրաքանչյուր թվիթում 140 նիշի սահմանափակում կար։ Միայն 2017 թվականին սահմանաչափը հասել է մինչև 280 նիշի:
Այս շաբաթվա սկզբին Մասկը հայտարարեց, որ Twitter-ը շուտով կջնջի 1,5 միլիարդ ոչ ակտիվ հաշիվ: Խոսքը այն հաշիվների մասին է, որտեղ մի քանի տարի հրապարակումներ կամ մուտքեր չեն եղել։