Իրանում Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության ներքին իրադարձությունների վերաբերյալ Բրիտանիայի իշխանությունների միջամտողական հայտարարությունները շարունակվելու, նրանց կողմից անկարգություններին ու ահաբեկչությանն աջակցություն ցուցաբերվելու և Իրանի մի շարք ֆիզիկական անձանց նկատմամբ անօրինական պատժամիջոցներ կիրառվելու պատճառով, Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆն այսօր կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն:

Հանդիպման ընթացքում Բրիտանիայի իշխանությունների կողմից Իրանի ներքին գործերի վերաբերյալ միջամտողական հայտարարությունների շարունակվելը, այդ երկրի կառավարության ու ԶԼՄ-ների կողմից անկարգություններին ցուցաբերվող աջակցությունը և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների նկատմամբ Բրիտանիայի անհիմն ու կեղծ պատժամիջոցների կիրառումը խստորեն դատապարտվել են, և ընդգծվել է, որ անկարգություններին արհեստական շունչ հաղորդելու Բրիտանիայի և այդ երկրում գործող լրատվամիջոցների ջանքերը ոչ մի արդյունք չեն կարող ունենալ, միայն Իրանի ժողովրդի ատելությունը կավելանա այդ երկրի հակաիրանական քաղաքականության նկատմամբ:

Դեսպանին ասվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում հակադարձ քայլ անել Բրիտանիայի սահմանած պատժամիջոցներին պատասխանելու համար, փոխանցում է infoport-ը:

Այս հանդիպմանը կտրականապես հերքվեցին Լոնդոնի անհիմն մեղադրանքները՝ կապված Իրանի կողմից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի արտահանման հետ, որոնք հնչեցվել էին առանց որևէ փաստարկ ներկայացնելու, և նշվել է,որ Ուկրաինայում հակամարտության երկարաձգման պատճառն Բրիտանիայի և նրա գործընկերների կողմից մահաբեր զենք այդ երկիր ուղարկվելն է, ինչը հետաձգում է այդ ճգնաժամի կարգավորման քաղաքական լուծումը:

Բրիտանիայի դեսպանը նշել է, որ այդ մասին անմիջապես կհայտնի Լոնդոնի կառավարությանը։

 

Տեսանյութեր

Լրահոս