«Նոր տարին կգա-կանցնի, բայց այս ֆոնին իշխանության լծակները զավթածների քեֆ-ուրախությունները ոչ մի լավ տեղ չեն տանի, եթե մեծ բռնկում չլինի». Հոգեբան

Երևանի տոնական լուսավորությունն այս տարի բացառիկ է լինելու` օրերս հայտարարել է «բացառիկությունը որպես ուղիղ ճանապարհ» ընտրած իշխանությունների հերթական ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը՝ մոռանալով հավելել, որ այդ բացառիկությունն արժեցել է թամանյանական ճարտարապետության ոտնահարումը:

Սա հարցի մի կողմն է, իսկ մյուսը՝ նախատոնական պատրաստություններին հակադրվող անվտանգային մարտահրավերներն են և հանրային հուսահատ տրամադրությունները:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ այսօր հայրենիքն ապրում է բարդագույն ժամանակներ, իշխանությունները  էթնոնիհիլիստներ են, հասարակությունը՝ հուսահատ:

«Իշխանությունը ծրագիր է իրականացնում: Իսկ հասարակության մոտ հակադիր էմոցիաներ են. վերջին հաշվով, հասարակության մի որոշակի շերտ այն աստիճան բթացած չէ, որ մեր կորուստների ողբերգությունը չհասկանա, այն արհավիրքները, որոնք մեր դուռն ուղղակի ջարդում են: Բայց այս շերտն անզոր վիճակում է. որոշ ժամանակ առաջ դիմադրություն կար, հանարահավաքներ, իսկ այժմ, երբ դա էլ չկա, անզորության զգացողություն է: Մյուս կողմից՝ ներքին աններդաշնակություն կա՝ հոգեվիճակը, ռեալ պատկերացումներն այն իրականության մասին, որում ապրում ենք, և այն, որ Նոր Տարի է գալիս:

Հասարակության մյուս շերտն ապրում է կառավարվող գիտակցության վիճակում, ունի իր կենսափիլիսոփայությունը, մի կայուն կարծրացած դիրքորոշման մեջ է, և իրականության ինչպիսի բախումներ էլ լինեն (զավակների կորուստ, հայրենիքի կորուստ և այլն)՝ չի ընկալում և պատրաստ է պրիմիտիվ հաճույքների՝ ինչպես թելադրվում է: Մի բան է՝ առանձին մարդկանց ապրումները, մեկ այլ բան՝ ինչ է կազմակերպվում երկրի մակարդակով»,- մանրամասնեց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանի գնահատմամբ՝ ամենամեծ շերտը նրանք են, որոնք թեև ճշտորեն գիտակցում են կատարվող իրականությունը, սակայն շատ պասիվ են:

«Մենք այսօր ունենք շատ մեծ բարոյական խնդիր, բարոյական նահանջ: Եթե այս բարոյական նահանջը շարունակվի, մենք որպես ինքնություն կրող ազգ, միավոր, ուղղակի կոչնչանանք: Զուգահեռ իրականությունները դրամատիկ են:

Մշակույթի ոչնչացումը. որ նայում եմ՝ թամանյանական հուշարձանների վնասմանը, զուգահեռներ եմ անցկացնում, թե ինչպես հայկական խաչքարերը փշրեցին-լցրեցին Արաքսը՝ նույն ձեռքն է, նույն միտքը, նույն բարոյականությունը:

Այնպես որ, Նոր տարին մի քանի օր է, կգա-կանցնի, բայց այս ֆոնի վրա իշխանության լծակները զավթածների քեֆ-ուրախությունները ոչ մի լավ տեղ չեն տանի, եթե մեծ բռնկում չլինի»,- հավելեց նա:

Հոգեբանի կարծիքով՝ ազգի էլիտար հատվածը պետք է ստանձնի առաջնորդի դերը, քանի որ ժողովրդի մոտ մեծամասամբ հուսահատություն է:

Տեսանյութեր

Լրահոս