Պրահայի համաձայնությունն ուղենիշային է. Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները համաձայնել են լուծել բոլոր հարցերը ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. դեկտեմբերի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա. Լավրով

«Տարեսկզբին Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, Մոսկվան պատրաստ է աջակցել կողմերին»,- այս մասին մանրամասներ է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Մոսկովյան փաթեթը  պատրաստվել է շատ վաղուց՝ այս տարվա սկզբին, և հանձնվել է կողմերին՝ որպես  ՌԴ ցանկությունը՝ օգնել կողմերին ընդհանուր բազա գտնելու հարցում։ Այն ընդհանուր առմամբ դրական է ընդունվել»,- ասել է Լավրովը։ Ըստ ռուս նախարարի, այդ ժամանակվանից սկսած Ադրբեջանից եղել են առաջարկներ՝ հինգ սկզբունքներ, եղել է Նիկոլ Փաշինյանի արձագանքը, իսկ վերջերս՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, ադրբեջանական կողմը ներկայացրել է հնարավոր փաստաթղթի մեկ այլ տարբերակ, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Հայաստանի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց պատասխան առաջարկները։

«Մենք նախկինի նման պատրաստ ենք օգնություն ցուցաբերել: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է  կողմնորոշվել հիմնական, սկզբունքային հարցերի շուրջ: Այս առումով այն, ինչի շուրջ հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները,  ուղենիշային է, երբ նրանք հաստատել են իրենց նպատակադրումը՝ լուծել բոլոր հարցերը  ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. դեկտեմբերի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա»,- հավելել է Լավրովը։

 

Տեսանյութեր

Լրահոս