ՌԴ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 10 ամսում գերազանցել է 4 մլրդ դոլարը
2022 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է ամբողջ 2021 թվականին երկրների միջև առևտրի ծավալը՝ կազմելով ավելի քան 4 միլիարդ դոլար: Այդ մասին հաղորդում է «Известия» պարբերականը՝ վկայակոչելով Դաշնային մաքսային ծառայության հրապարակած տվյալները:
Ինչպես հրատարակությանն ասել է ՌԴ-ի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Իվինը, արտահանումն ավելացել է 27 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10 տոկոսով: Մերձկասպյան տարածաշրջանի երկրների շրջանում Իրանը Ռուսաստանի հետ առևտրի ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Երկու երկրները հիմնականում գյուղատնտեսական ապրանքների առևտուր են անում: ՌԴ-ի Արևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինն ,Известияե-ին հայտնել է, որ փոխադարձ առևտրի աճի գլխավոր պատճառն Արևմուտքի պատժամիջոցներն են Ռուսաստանի դեմ և դրա հետևանքով առաջացած ավանդական կապերի խզումը:
Նա նաև հայտնել է, որ Իրանն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում. նախ, այն առևտրի բնագավառում լոգիստիկ կամուրջ է Մերձավոր Արևելքի, Հարավային և Հարավ-արևելյան Ասիայի հետ, երկրորդ, Իրանն ունի պատժամիջոցների պայմաններում գոյատևման բացառիկ փորձ:
«Անտարակույս, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև 2019 թվականի հոկտեմբերի 27-ից գործող ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը նպաստում է առևտրային գործառնությունների ծավալների աճին: 2022 թվականի սկզբին ստորագրվել է այն երկարաձգելու արձանագրություն: Լիարժեք ձևաչափով համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են, կայացել է խորհրդակցությունների չորս փուլ», – ասել է Կատիրկինը: