Չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայողի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, բայց կա դրական դինամիկա. ՊՆ

Դեռևս չպարզված հանգամանքներում դեկտեմբերի 3-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը, որը վիրահատվել էր, դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Ճիշտ է՝զինվորի վիճակը դեռ գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն կայունացել է և նկատվում է որոշակի դրական դինամիկա»,- ասաց նա:

Հավելենք, որ Քննչական կոմիտեն դեպքի հետ կապված հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշվում էր.

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք»:

168.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել 2-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումներից մեկում:

Տեսանյութեր

Լրահոս