Բաժիններ՝

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 3-ին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Դեռևս 2014 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության և երկրպագության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշոնրհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը։
Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավորներ:
Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը:
Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադարձ կատարելով տոնի խորհրդին և եկեղեցու առաքելությանը, ի մասնավորի նշեց. «Եկեղեցին գիշեր և զոր իր ողջ կարողությամբ Աստծու խոսքն է բաշխում մեզ ամենքիս։ Ինչպես դարեր առաջ առաքելական քարոզչությամբ մեր նախնիներն իրենց սրտերը բացեցին Աստծու լույսի առջև և դարձան հետևորդները Քրիստոսի, այնպես էլ մենք այսօր հավատարմորեն հետևենք Քրիստոս Աստծուն, հետևենք Նրա Սուրբ Եկեղեցուն և թույլ չտանք, որ այս դժվարին օրերին խավարը հաղթի լույսին»։
Հայր Ասողիկը հորդորեց անդադար լսել Առաքելական Սուրբ Եկեղեցու պատգամները և դրանք կյանքի կոչել, որպեսզի արժանի լինենք Աստծու արքայությանը, որը մեր մեջ է և Սուրբ Թադեոս ու Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների բարեխոսությամբ բարձր պահենք հայոց առաջին լուսավորիչների հանդիպումով հայոց աշխարհում հաստատված խաչը։
Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս