«Բանակցողին պետք է փոխել, հակառակ դեպքում հաջորդ սցենարը պատերազմն է, իսկ Ալիևին զսպող միակ ուժը կարող է լինել հայկական բանակը». Թևան Պողոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն է:
Զրույցի ընթացքում նա նշել է.
- Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն ասում է՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ տեսանկյունից, չի առնչվում կազմակերպության (ՀԱՊԿ-ի) իրավասությանը, ՌԴ նախագահի խոսնակը համոզմունք է հայտնում, թե կազմակերպության աշխատանքին միջամտելու և այն կազմալուծելու փորձերը կշարունակվեն: Գագաթնաժողովից առաջ ՌԴ նախագահը հեռապխոսազրույց է ունենում Ադրբեջանի նախագահի հետ, հետո Նիկոլ Փաշինյանը քննադատող ելույթ է ունենում ու չի ստորագրում ՀԱՊԿ-ի առաջարկների փաստաթուղը: Կարելի՞ է ենթադրել, որ այս բոլորը պլանավորված էր, եթե ոչ, ուրեմն նշանակում է՝ Հայաստանը պարզապես լավ դաշնակցային հարաբերություններ չի պահել:
- Արդյո՞ք ՀԱՊԿ-ն այն տեղն էր, որտեղ պետք էր նման ելույթ ունենալ, այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արեց: Եթե պլանավորված չէր, ապա նման ելույթի նպատակը ո՞րն էր, ի՞նչ տվեց այդ հայտարարությունն ու փաստաթուղթ չստորագրելը, մեկ օրվա փիա՞ռ, որ ասեն՝ ի՜նչ համարձակ ելույթ ունեցա՞վ Փաշինյանը: Իսկ ո՞վ է ձեզ իրավունք տվել չօգտվել հնարավորություններից ու հօգուտ երկրի շահերի:
- Պետության ղեկավարը խնդիրներն անձնական շահի տեսանկյունից չպետք է դիտարկի, այլ պետք է երկրի շահերից ելնելով՝ հաղթանակ ապահովի: Անձնական դաշտում ինչքան ուզում ես՝ պարտվի, բայց Հայաստանի համար հաղթանակ ապահովիր. ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարությունը Հայաստանի համար հաղթանա՞կ, թե՞ պարտություն էր:
- Ստացվում է, որ փամփուշտը ձուլել ենք ու անիմաստ կրակոց արձակեցինք, հիմա դրանից օգտվելո՞ւ ենք. Փաշինյանի ելույթը թշնամին օգտագործելու է մեզ պախարակելու համար, մենք էլ օգտագործելու ենք, որ ի՞նչ անենք, սրա հետևանքները որո՞նք են լինելու:
- Մենք մեր լռելու իրավունքից չենք օգտվել, տեսնենք, թե մեր խոսքերն ինչպես կօգտագործեն մեր դեմ:
- Հայկական ողջ ռեսուրսը պետք է օգտագործել ժամանակ շահելու, կորցրածը վերականգնելու համար, եթե դա չենք անում՝ ի՞նչ հաղթանակ:
- 2022-ին ՀԱԿՊ-ի գագաթնաժողովը 1996 թվականի Լիսաբոնն էր, երբ Հայաստանը վետո դրեց, և ի՞նչ, հաղթեցի՞նք:
- Ինչի՞ հասավ Ալիևը, երբ Փաշինյանը նախապայման դրեց դեկտեմբերի 7-ի հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցության վերաբերյալ. Մակրոնին ասաց՝ մեզ հետ խնդիրներ ունես, Փաշինյանին ասաց՝ Նիկոլ, առանց տղա բերելու մեզ հետ չե՞ս կարողանում շփվել… Թշնամին խաղացրեց Փաշինյանի ասածը, մի հատ էլ չափալախ տվեց, մենք ոչինչ չարեցինք:
- Առանց պաշարի բանակցությունների սեղանին նստելը նշանակում է՝ դեմդ ինչ դնեն՝ պետք է ընդունես, իսկ թշնամին ոչ մի լավ բան քո առաջ չի դնելու:
- Բանակցությունների ժամանակ այլընտրանք չունենալը նշանակում է ընդունել դիմացինի բոլոր պայմաններն ու նախապայմանները:
- Որևէ փաստաթղթի միակ երաշխավորը կարող է լինել սեփական բանակը, հայկական կողմի շահերի պաշտպանը սեփական բանակն է:
- Ալիևը հետևողականորեն գնում է իր նպատակների ու երազանքների իրագործման հետևից ու անընդհատ կրկնում է՝ Զանգեզուրն էլ եմ ուզում, Սևանն էլ, Երևանն էլ…
- Պատերազմ լինելու է, Ալիևն ասել է՝ ես իմ նպատակներին հասնելու եմ, իսկ Ալիևին ու Ադրբեջանին զսպող միակ ուժը կարող է լինել հայկական բանակը:
- Բանակցողին պետք է փոխել, որ ժամանակ շահենք ու փոխենք խաղի կանոնները. հակառակ դեպքում հաջորդ սցենարը լինելու է պատերազմը: