«Մոտ 60 հեկտար վարելահող չենք կարողանում մշակել, եթե ռուս խաղաղապահների թիվն ավելացնեն՝ հնարավոր կլինի աշխատել». Նոր Ղազանչիի գյուղապետ

Նոյեմբերի 23-ին Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հարց ուղղվեց Կիչանի և Նոր Ղազանչիի բնակիչների վերաբերյալ։ Այդ գյուղերի բնակիչներն իրենց սեփականաշնորհած վարելահողերում հերկ են կատարել, սակայն ցանքս չեն կարողանում կատարել, քանի որ թշնամու կրակահերթի տակ են գտնվում։ Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում այդ բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Պատասխանելով հարցին՝ Արայիկ Հարությունյանն ասել էր.

«Ամեն օր բանակցում ենք խաղաղապահների հետ, նման երևույթների առումով միշտ արձագանքում ու փոխանցում ենք, փորձում ենք լուծումներ տալ։ Փակ քննարկման ժամանակ կփորձենք ավելի մանրամասն ներկայացնել։ Ադրբեջանը ոչ միայն այդ, այլև տարբեր հատվածներում խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը»։

168.am-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ղեկավար Ռուսլան Առստամյանն ասաց, որ 10 օր առաջ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուն։

Կարդացեք նաև

«5-10 օր առաջ Կիչան համայնքում թշնամին սկզբից մինչև վերջ խանգարել է գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը, հերկն արել են, ցանքսը՝ չէ։

Իսկ մեզ մոտ վարը չի եղել, պայմանավորվել էինք, որ կանենք, բայց դրանից մեկ օր առաջ թշնամին սկսեց կրակել Կիչան համայնքի դաշտերի վրա, մենք էլ չկարողացանք վարն անել»,- նշեց Ռուսլան Առստամյանը։

Ըստ գյուղապետի, այսօր գյուղում կան վարելահողեր, որոնք թշնամու սադրանքների պատճառով չեն կարողանում մշակել։

«Կոնկրետ մեզ մոտ, մոտ 60 հեկտար վարելահող չենք կարողանում մշակել։ Կարծում եմ՝ եթե ռուս խաղաղապահների թիվն ավելացնեն, հնարավոր կլինի աշխատանքներ անել»,- եզրափակեց Նոր Ղազանչիի գյուղապետը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում մշտապես խոչընդոտում է  գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը՝ կրակ բացելով դաշտում աշխատող խաղաղ բնակչության ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս