Բաժիններ՝

Ակտիվիստները ներկ են լցրել Գուստավ Կլիմտի գլուխգործոցներից մեկի վրա

Վիեննայի «Լեոպոլդ» թանգարանում կլիմայական ակտիվիստները սև, յուղային հեղուկ են լցրել ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմի «Մահ և կյանք» գլուխգործոցի վրա: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:

Նշվում է, որ «Վերջին սերունդ» խմբի երկու անդամ ներկը լցրել են Կլիմտի նկարի վրա, որից հետո նրանցից մեկն իրեն սոսնձել է նկարը պաշտպանող ապակուն: Մինչև ոստիկանների գալը թանգարանի անվտանգության աշխատակցին հաջողվել է զսպել ակտիվիստներից մեկին:

«Վերականգնման բաժնի աշխատակիցներն աշխատում են, որպեսզի հասկանան՝ արդյոք ապակով պաշտպանված նկարը վնասվել է, թե ոչ», – հայտնել է թանգարանի խոսնակ Կլաուս Պոկորնին:

Ակտիվիստներն իրենց «Թվիթերի» էջում հայտնել են, որ նման արարքով իրենց բողոքն են հայտնել նավթի և գազի հորատման դեմ, ինչը նրանք անվանում են «մահապատիժ հասարակության համար»:

Չնայած թանգարանում գործող անվտանգության խիստ միջոցառումներին՝ ակտիվիստներին հաջողվել է հեղուկը ներս բերել տաք ջրի շշով՝ այն թաքցնելով հագուստի տակ:

Վերջին շաբաթներին Եվրոպայում բազմաթիվ արվեստի գլուխգործոցներ հարձակման են ենթարկվել ակտիվիստների կողմից՝ կլիմայի փոփոխության դեմ բողոքի ակցիաների շրջանակներում: Հարձակման ենթարկված նկարների շարքում են Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկները», Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» կտավի վաղ կրկնօրինակներից մեկը, Ջոն Կոնստեբլի «Խոտի սայլը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս