«Ես վախեցող անձնավորություն չեմ, դրա համար էլ գրել եմ` боевая готовность N1». Սեյրան Օհանյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ շրջանառվող լուրերին, որ առաջիկայում «թատրոն» է լինելու, որի ժամանակ իրեն ձերբակալելու են։ Նա անդրադարձավ նաև այն լուրերին, թե հնարավոր է՝ Գլխավոր դատախազը մտնի ԱԺ և մի քանի պատգամավորների, այդ թվում՝ նաև իրեն անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսելու համաձայնություն ստանա։
«Այդ հարցերը պետք է տալ համապատասխան մարմիններին՝ դատական ու դատաիրավական, որոնք գուցե տվել են այդ արտահոսքը, ես տեղեկություններ չունեմ։ Վերջին ժամանակներս ես որևէ գործով չեմ հարցաքննվել, որտեղ ինձ կզգուշացնեին, որ այդպիսի վտանգ ու խնդիր կա։ Ես տարբեր գործերով՝ որպես վկա, գնում ներկայացնում եմ, թե, օրինակ, ինչ է կատարվել իմ ղեկավարած գերատեսչությունում, երբ նախարար էի, հատկապես, երբ երկար տարիներ է անցել։ Երբևէ չի եղել, երբ ինձ հրավիրել են ինչ-որ գործընթացի, և ես չեմ ներկայացել։ Չունեմ տեղեկություն, որ ինչ-որ գործի շրջանակներում իմ նկատմամբ կարող են վարույթ սկսել»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծեց, որ երբևէ չի թաքնվել անձեռնմխելիության քողի տակ, գործունեությունը մշտապես իրականացրել է հրապարակային, նույնիսկ Պաշտպանության նախարար եղած ժամանակ պաշտպանական քաղաքականության բոլոր գործընթացներն իրականացրել է հրապարակային։
«Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել ՊՆ-ում կամ ՀՀ-ում, տեղի են ունեցել օրենքի շրջանակներում, Հայաստանում գործող բոլոր ընթացակարգերի համաձայն և ՊՆ համապատասխան մասնագետների համարժեք եզրակացություններով»,- հավելեց նա։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ օրվա իշխանություններից ամեն ինչ էլ հավատալի է, որ կարող են իր նկատմամբ «թատրոն» ներկայացնել, քաղաքական հետապնդումների ենթարկել, ինչը վերջին ժամանակահատվածում տեսնում են։
«Ինչ վերաբերում է քաղաքական պայքարի վերաբերյալ գրառմանը, ապա այն անձնական գրառում է։ Ես վախեցող անձնավորություն չեմ, իմ ընտանիքն էլ, պատրաստ ենք ամեն ինչի, դրա համար էլ ես գրել եմ՝ боевая готовность N1»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում