Բաժիններ՝

Դժվար է ասել, թե ով կարող է այս պահին փոխարինել Վահե Շահվերդյանին. Վանաձորի թատրոնի տնօրեն

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը վստահեցնում է՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահից հետո շարունակելու են աշխատել նրա գեղագիտությամբ և ավարտին են հասցնելու ռեժիսորի կիսատ թողած ներկայացումները:

Նոյեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում Սահակյանն ասաց՝ վերջերս կոլեկտիվի փոքր հավաք են կազմակերպել, որտեղ հստակեցվել են առաջիկա անելիքները, նշանակվել են պատասխանատուները: «Ամեն ինչ բնական հունով է ընթանում: Դժվար է ասել, թե ով կարող է այս պահին փոխարինել Վահե Շահվերդյանին: Սա այն կորուստն է, որը երկար ժամանակ հնարավոր չի լինի լրացնել, սակայն չեմ կարծում, որ հետո եկողները չեն լինելու շնորհքով կամ լինելու են ապաշնորհ: Ըստ իս՝ մեր թատրոնում կա Վահե Շահվերդյանին արժանի շարունակություն»,-շեշտեց նա:

Սահակյանը հիշեցրեց, որ գեղարվեստական ղեկավարին աշխատանքի է ընդունում տնօրենը:

Անդրադառնալով այն հարցին, որ հաճախ թատրոններում ոչ թե գեղարվեստական ղեկավարի հաստիք է լինում, այլ գլխավոր ռեժիսորի կամ բեմադրիչի՝ նա ասաց. «Եթե մի կառույցում կա ճիշտ աշխատանք, ճիշտ գեղագիտության այնպիսի որակ, որը հանդիսատեսին տալու է բարձրակարգ ներկայացում, բարձրացնելու է նրա գեղարվեստական ճաշակը, չեմ կարծում, որ նման թատրոնում կարևորը հաստիքի անվանումն է: Բացառում եմ, որ Վանաձորի թատրոնում պայթյունավտանգ իրավիճակ լինի: Կլինի գեղարվեստական ղեկավար, թե գլխավոր ռեժիսոր կամ բեմադրող ռեժիսոր, հաջորդ տարի կյանքը ցույց կտա»,-ընդգծեց Լուսինե Սահակյանն ու հավելեց՝ այժմ փորձում են ավարտին հասցնել Վահե Շահվերդյանի կիսատ ներկայացումները, որոնց առաջնախաղերը տեղի կունենան հաջորդ տարի: Չի բացառվում, որ հաջորդ տարի թատրոնը վերանորոգման փուլ մտնի:

Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը կյանքից հեռացել է հոկտեմբերի 31-ին: Նա 77 տարեկան էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս