Մեր սուվերեն տարածքից ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան, որից հետո խաղաղության մասին խոսակցություններ լինեն». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ խաղաղությունը ենթադրում է  միմյանց տարածքների հստակեցում, իսկ տարածքների հստակեցումը պետք է լինի դեմարկացիայի և դելիմիտացիայի միջոցով։

«Կարևորը քաղաքական կամք ունենալն է, որ, այո, պետք է գնան խաղաղության, եթե այդ կամքը լինի, որ գործողությունը որից հետո պետք է լինի կամ ինչին կհաջորդի՝ այդքան էլ էական չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը։

Հարցին՝ ինչո՞ւ հստակ պահանջ չի դրվում, որ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանցիների դուրս գալուց հետո միայն կքննարկվի խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը, Արմեն Խաչատրյանը պատասխանեց՝ այդ պահանջն այնքան բնական պահանջ է, որ ի սկզբանե բոլոր բանակցային գործընթացներում ու քննարկումների ժամանակ՝ ամենահիմնական պահանջներից մեկն է։

«Իհարկե, մեր սուվերեն տարածքից ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան, որից հետո խաղաղության մասին խոսակցություններ լինեն, եթե մի երկիր չի փորձում ճանաչել քո սուվերեն տարածքը, ապա դա ի սկզբանե նշանակում է, որ նա խաղաղության նպատակ չունի։

Կարդացեք նաև

Այս պահին փաստաթղթերում ամրագրվում է այն, ինչը մեր դիվանագիտական ռեսուրսները ներում են, որ կարողանանք անել, բայց հետագայում ինչ կամրագրվի՝ հայտնի չէ։ Ամեն դեպքում տրամաբանական  և ամենահիմնական խնդիրներից է այն, որ այս պահի դրությամբ մենք ունենք սուվերեն տարածք, որտեղ գտնվում է  հակառակորդի զինուժը, իհարկե, զինուժը պետք է ազատի։ Կարծում եմ՝ խաղաղության բանակցային գործընթացի հենց սկզբում պետք է լինի դա, և մենք Ադրբեջանի «բարի ցանկությունները»՝ խաղաղությանն ուղղված, կտեսնենք հենց այդ գործողությամբ։ Երբ Ադրբեջանն ազատի օկուպացված տարածքները, արդեն կհասկանանք, որ, այո, նման քաղաքական որոշում իրենք ունեն»,- շեշտեց իշխանական պատգամավորը։

Ըստ Արմեն Խաչատրյանի, նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մի շարք կետեր ու դրույթներ խախտել է հենց Ադրբեջանը։

«Իհարկե, մենք չենք ուզում ունենալ ևս մեկ պայմանագիր, որը կմնա թղթի վրա, և որոշ դրույթներ կխախտվեն»,- ընդգծեց իշխանական պատգամավորը։

Միևնույն ժամանակ, Արմեն Խաչատրյանի  կարծիքով՝ Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի գործընթացը վիժեցնի։

Տեսանյութեր

Լրահոս