«Չկա որևէ հնարավորություն ապագա տեսնելու Հայաստանի և «Թուրանական դաշինքի» միջև հարաբերություններում»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը  տելեգրամի իր ալիքում գրել է․ «Որպեսզի պարզ և հասկանալի դառնա մի կողմից Հայաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի բռնապետական ու էրդողանական վարչախմբերը միավորող փաստացի «Թուրանական դաշինքի» միջև հնարավոր հարաբերությունների ապագան, կա մի պարզ բանաձև. արդյո՞ք այդ դաշինքի շահերի առումով ձեռնտու է կենսունակ, զարգացող և հզոր հայկական պետականության մեր երազած տեսլականը։

Կարծում եմ՝ ոչ մի սթափ մտածող հայաստանցի և հայ չի կարող այս հարցին տալ դրական պատասխան, որովհետև պատրանքներից դուրս՝ բանականության տիրույթում, գոյություն չունի և ոչ մի փաստարկ նման պատասխանը հիմնավորելու համար։

Ըստ այդմ, կենսունակ, զարգացող և հզոր Հայաստանի տեսլականը որպես անխախտ ելակետ դիտարկելիս, չկա որևէ իրական հնարավորություն ապագա տեսնելու Հայաստանի և «Թուրանական դաշինքի» միջև հարաբերություններում, որովհետև մեր կենսունակությունը, զարգացումն ու հզորացումը հակացուցված է այդ դաշինքի շահերին, իսկ Հայաստանի այդպիսին չլինելը՝ մեր շահերին։

Եթե սա ընդունում ենք որպես հիմնակետ, ապա պետք է մտածել մի կողմից Հայաստանի կենսունակության բարձրացման, մեր զարգացման և հզորացման, իսկ մյուսից՝ այդ ամենը վտանգող «Թուրանական դաշինքի» թուլացման մասին՝ առաջին թիրախ ընտրելով Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման չեզոքման հարցը։

Դա չափազանց բարդ և բազմաբաղադրիչ, բայց անիրականանալի խնդիր չէ՝ առավել ևս, որ դրա այլընտրանքը, տրամաբանական փաստարկների հարթության մեջ, ըստ էության, գոյություն չունի»։

Տեսանյութեր

Լրահոս