Բաժիններ՝

«Փյունիկ»-ը դրամատիկ խաղում զիջեց «Բազել»-ին և դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ մրցեց «Բազել»-ի հետ։ Բավականին դրամատիկ պայքարում անցած խաղում երևանյան ակումբը 1-2 հաշվով զիջեց մրցակցին և դուրս մնաց հետագա պայքարից։

Խաղն ավելի ակտիվ սկսեցին «Փյունիկ»-ի խաղացողները, սակայն «Բազել»-ը դիմացավ երևանյան ակումբի մեկնարկային ճնշմանը, իսկ 17-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվը։ Շվեյցարական ակումբի կազմակերպած հակագրոհն արդյունավետ եզրափակեց Մալեսը։

Բաց թողած գոլից հետո «Փյունիկ»-ի խաղը մարեց, ինչն էլ նպաստեց «Բազել»-ի երկրորդ գոլին։ 29-րդ րոպեին շվեյցարական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Կադեն, ով արդյունավետ եզրափակեց «Բազել»-ի արագ գրոհը։ Առաջին խաղակեսում գոլեր այլևս չգրանցվեցին, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկին մրցավարը «Փյունիկ»-ի մոտ հույսեր արթնացրեց։ 53-րդ րոպեին մրցավարը սիմուլյացիայի համար երկրորդ դեղին քարտը ցույց տվեց շվեյցարական ակումբի ֆուտբոլիստ Նդոյեին և նրան հեռացրեց դաշտից։ Թվային առավելություն ստանալուց հետո «Փյունիկ»-ը ոգևորվեց և սկսեց վերահսկել գնդակը՝ մեկը մյուսի հետևից վտանգավոր գրոհներ կազմակերպելով մրցակցի դարպասի ուղղությամբ։

«Փյունիկ»-ի ճնշումն արդյունք տվեց 71-րդ րոպեին։ Արաս Օզբիլիսի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը գլխով հարվածեց մրցակցի դարպասին, գնդակը հետ եկավ ուղղահայաց դարպասաձողից, սակայն Լուկա Յուրիչիչն արագ կողմնորոշվեց ու կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։

Խփած գոլից հետ երևանյան ակումբը մի քանի վտանգավոր գրոհ ևս կազմակերպեց, սակայն «Բազել»-ը կարողացավ արդյունավետ պաշտպանվել և հաղթական ավարտի հասցնել հանդիպումը։

Պարտությունից հետո «Փյունիկ»-ը մնաց 6 միավորով և H խմբում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Խմբի մյուս խաղում էլ Բրատիսլավայի «Սլովան»-ը մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով հաղթեց «Ժալգիրիս»-ին ու 11 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 11 միավոր ունի նաև «Բազել»-ը, սակայն լրցուցիչ ցուցանիշներով զիջելով «Սլովան»-ին, խմբից դուրս եկավ երկրորդ հորիզոնականով։ 5 միավորով խմբի մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Ժալգիրիս»-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս