Մթերվել է ամբողջ խաղողը անցած տարվանից ցածր գնով. Քերոբյան

«Ամեն տարի մենք որոշակի մրրիկի միջով ենք անցնում խաղողի մթերման փուլում։ Այս տարի խաղողի մթերումն ավարտվել է, և ընդհանուր առմամբ, մթերվել է ամբողջ խաղողը. այսինքն՝ մենք չգիտենք չմթերված խաղողի մասին»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատասխանելով Հակոբ Արշակյանի հարցադրումներին՝ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա տեղեկացրեց, որ մթերման գինը եղել է մոտավորապես 120 դրամ՝ ավելի ցածր, քան նախորդ տարի. ըստ նախարարի՝ դրամի արժևորումն է ստիպել մթերողներին ավելի ցածր գնով մթերել, որովհետև դոլարով վաճառվող էժան կոնյակի սպիրտը պետք է կարողանա մրցակցությանը դիմանալ:

«Կարծում ենք՝ խնդիրը պետք է լուծել սեգմենտը փոխելով՝ էժան կոնյակի սպիրտից տեղափոխվենք միջին գնային սեգմենտի գինի արտադրելու ուղղությամբ։ Ո՞նց պետք է դա անել։ Առաջինը՝ վստահ ենք, որ փոքր գյուղատնտեսությունը մրցունակ չի.  պետք է գնալ խոշորացման։ Եվ մեր՝ խաղողի այգիների հետ կապված կառավարության ծրագրերը միտված են նրան, որ մարդկանց գնալ խոշոր գյուղատնտեսություն. խոշոր խաղողի այգիներ տնկեն, ոչ թե կոնյակի փոքր սորտեր։ Նաև հողային ռեֆորմը, որը նախաձեռնել ենք, ևս ուղղված է գյուղատնտեսության խոշորացմանը:

Բայց գինու հետ կապված կա կառուցվածքային լուրջ խնդիր. այդ խնդիրը լուծելու համար մենք որոշ ժամանակ առաջ Գինու և գինեգործության հիմնադրամի հետ մեկտեղ ձեռնամուխ եղանք գինեգործության նոր ռազմավարություն ստեղծելուն, բայց չկարողացանք կառավարության մեր գործընկերներին դեռևս համոզել, որ պետք է ընդունել և իրագործել։ Սակայն մեր կարծիքով, առանց դրա՝ չենք կարողանա կառուցվածքային փոփոխություններ անել»,- մանրամասնեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս